Նիդերլանդներում կոչեր են հնչում արգելել թուրք պաշտոնյաների հանրահավաքները սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

Նիդերլանդներում աջ-պահպանողական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերթ Վիլդերսը կոչ է անում ժամանակավորապես արգելել թուրք պաշտոնյաների մուտքը Նիդերլանդներ:

Հաագայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այսօր անցկացված հանրահավաքում Վիլդերսը ասել է․ - «Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է Հոլանդիա գալ և քարոզել նոր սահմանադրության օգտին, ինչը միայն ուժեղացնում է բռնակալ Էրդողանին: Ես կարծում եմ՝ մենք չպետք է դա թույլատրենք: Մենք ասում ենք՝ հեռու մնացեք մեզանից, հեռու մնացեք այստեղից, սա մեր երկիրն է, մենք մեր երկրում չէինք թույլատրի լոբբիստական քարոզարշավ Հյուսիսային Կորեայի կամ Սաուդյան Արաբիայի օգտին»:

Ապրիլին Թուրքիան սահմանադրական հանրաքվե կանցկացնի, որը զգալիորեն կուժեղացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները: Հանրաքվեին ընդառաջ թուրք պաշտոնյաները հանրահավաքներ են կազմակերպում եվրոպական երկրներում՝ փորձելով ստանալ արտերկրում ապրող Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիների ձայները:

Թուրք պաշտոնյաների հանրահավաքների դեմ ավելի վաղ հանդես են եկել Գերմանիայի մի քանի քաղաքներ՝ արգելելով դրանց անցկացումը, ինչը Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների սրման պատճառ է դարձել:

Թուրք պաշտոնյաների այդ հանրահավաքները քննադատել է նաև Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը՝ կոչ անելով համաեվրոպական արձագանքով հանդես գալ նմանօրինակ արշավների դեմ և կանխել դրանց անցկացումը ԵՄ տարածքում: