Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա իրականացրած հարձակման զոհերի թիվը հասել է 30-ի

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա իրականացված հարձակման հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Պաշտոնյաների փոխանցմամբ, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն շուրջ 400 հիվանդատեղ ունեցող «Սարդար Մոհամմադ Դաուդ Խան» հոսպիտալի հետնամուտքում, ինչից հետո երեք զինյալներ, կրելով բժշկական սպիտակ խալաթներ, կրակ են բացել հիվանդանոցի տարածքում:

Նախապես հայտարարվել էր 3-4 զոհի մասին, սակայն ավելի ուշ հաղորդվեց 30 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Դավլաթ Վազիրին պատմել է, որ անվտանգության ծառայությունները ստիպված են եղել գրոհայիններին դուրս մղել հոսպիտալի շենքի մի քանի հարկերում մղված թեժ պայքարից հետո: