Կարեն Կարապետյանը ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում, այդուհանդերձ գլխավոր դերակատարություն է ստանձնել իշխող ուժի քարոզարշավում:
Աշխատանքային այցը համադրելով քարոզարշավի հետ՝ վարչապետը նախ եղավ Էջմիածնում, մոմ վառեց Սուրբ Հռիփսիմեում:
Այնուհետև Անկալիճ գյուղում, որի բնակչության շուրջ 20 տոկոսը եզդիներ են, վարչապետը ծաղիկներ դրեց հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրին, այցելեց եզդիների եկեղեցին:
Արդեն ընտրողների հետ հանդիպմանը Կարապետյանը շեշտեց, որ «շատ անկեղծ, ազնիվ ու վճռական են տրամադրված»․ - «Ամբողջ ներուժը ունենք մարդավարի ապրելու, արժանավայել ապրելու, մեր երեխաներին նորմալ կրթություն տալու: Բազմաթիվ խնդիրներ կան, ու արհեստական ծրագիր չենք կազմել: Եթե դուք որոշեք աջակցել մեր ուժին, ես ձեզ խոստանում եմ, որ չեք փոշմանի»:
Ապա եզդիները Կարեն Կարապտեյանին զուռնա-դհոլով հրավիրեցին ճաշի: Ինչպես բնակիչներից մեկը տեղեկացրեց, հյուրասիրությունը կազմակերպել էր մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանը: Այստեղ արդեն վարչապետի գլխավորությամբ շնորհավորեցին կանանց տոնը, ինչպես նաև խմեցին իշխող Հանրապետականի կենացը:
Կարեն Կարապետյանը այցելեց նաև Մեծամորի ատոմակայան, շրջեց կայանում, փակ խորհրդակցություն անցկացրեց, ապա Մեծամորի մշակույթի կենտրոնում հանդիպեց տեղի բնակիչներին: Մարդիկ հիմնականում բարձրացնում էին աշխատատեղերի բացակայության, ցածր աշխատավարձերի, նաև, ինչպես քաղաքացիներից մեկը բնորոշեց՝ ճղճիմ թոշակների հարցը:
Վարչապետն ասաց, թե չի կարող խոստանալ եկամուտների աճ, բայց «ամեն օր, ամեն ժամ աշխատելու են» մարդկանց կենսամակարդը լավացնելու համար: Կարապետյանը շեշտեց, որ ծրագրում են 85 միլիոն դոլար ներդնել Արմավիրի մարզում:
Ատոմակայանի աշխատակիցներից մեկը դժգոհեց, որ ստանում է ընդամենը 63 դրամ աշխատավարձ՝ խնդրելով գոնե 20 հազար դրամով ավելացնել, որպեսզի կարողանան «գոնե կոմունալ վարձերը փակել»:
Վարչապետի արձագանքը․ - «63 հազար դրամը լավ աշխատավարձ ա, թե չէ, և բոլոր Ձեր հոգսերը կարող եք հոգալ՝ իհարկե ոչ: Լավ կլինի 80 հազար դրամ ստանաք: Շատ ավելի լավ կլինի՝ դրանից ավել: Բայց ես հիմա որ ասեմ՝ վաղը ես ձեզ խոստանում եմ, առանց տնտեսության փոփոխության 40 հազար դրամը սարքելու եմ 80 հազար դրամ, գուցե ձեր ականջը շոյվի, բայց դա ճիշտ և ազնիվ պատասխան չի լինի»:
Մեծամորցիները նաև բարձրացնում էին հիպոթեկային վարկերի, չջեռուցվող մանկապարտեզների և դպրոցների, անգամ սանմաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մեծամորի մշակույթի տան դահլիճում այնքան ցուրտ էր, որ անգամ Կարեն Կարապետյանն այդ մասին խոսեց․ - «Հարգելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ ա: Երկրորդը, հատուկ երկար ճառ չեմ ասել, որ գնալուց չասեք՝ տոն օրը քանդեց, էկավ, մի էրկու լոլո կարդաց, գնաց»:
Վարչապետն այսօր հակված չէր լրագրողների հետ խոսել: Այդուհանդերձ «Ազատությունը» փորձեց ճշտել, թե այդքան ցուրտ դահլիճում հանդիպում կազմակերպելուց հետո իշխող Հանրաետականը քաղաքացիներից ինչպես է ակնկալում ձայն ստանալ: Վարչապետի արձագանքը․ - «Ես Ձեզ խնդրել եմ, չէ՞, որ առանձին Ձեր հետ հանդիպելու եմ, զրուցեմ: Դուք կարծում եք, եթե համառ հարցը տաք, ես էդ պատասխանը մոռանալո՞ւ եմ»:
Ի դեպ Կարեն Կարապետյանին այսօրվա այցի ընթացքում ուղեկցնում էին Հանրապետականի ցուցակում ընդգրկված Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, վարչապետի խորհրդական, պատգամավորության թեկնածու Շուշան Սարդարյանը, Արմավիրի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված գեներալ Սեյրան Սարոյանը:
Վերջինս «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ վարչապետը դահլիճի ցուրտը իր մաշկի վրա զգալուց հետո պետական հաստատությունների ջեռուցման հարցին լուծում կտա:
«Ազատության» հարցին, թե ինչու պետք է ընտրողը Հանրապետականին ձայն տա, Սարոյանը հակադարձեց․ - «Ժառանգությանը տվեց՝ կբերեն պառավոները կքաշեն հեսա»:
Հիշեցմանը, որ ատոմակայանի աշխատակիցներից մեկը խնդրեց գոնե 20 հազարով բարձրացնել աշխատավարձը, գեներալն արձագանքեց․ - «Շատ սխալ արեց: Ուզելուց մի քիչ շատ ուզեր: Էդ 20 հազարով բան չի փոխվի․․․ Մի քիչ շատ ուզեիր էլի, տնաշեն: Բայց դե ամեն դեպքում հասկացանք, որ դաժե 20 հազարը մարդկանց համար մեծ փող ա»:
Ընտրողների հետ վերջին հանդիպումը Արմավիր քաղաքում էր: Այստեղ քարոզարշավին միացած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաքվածներին ասաց․ - «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որը այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում և թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված: Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ: Այն ուժը, որը երկու հազար հոգի չի կարում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում: Չէ՞ որ դա ուղղակի զավեշտական է, դա ուղղակի անհնար է»:
Վարչապետը հարկ համարեց պատմել մի անեկդոտ․ - «Կարող ա տեղին ա, կարող ա տեղին չի, չգիտեմ: Գինովցած տղամարդը հերթական անգամ որ վերադառնում ա ուշ երեկոյան տուն, կինը դիմավորելիս ասում ա՝ հը՞, էս անգամ ինչ ես ասելու: Ասում ա՝ դե դու խելոք ես, գիտես ինչ պտի ասես, դու ասա․․․ Մեր բացթողումները եղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառները նրանք են, որոնք այս մարտահրավերներով և սպառնալիքներով լի տարածաշրջանում ռեգուլյար դեռ լինելու են: Տարբեր ուժեղ երկրներ, տարածաշրջանում ունենալով իրենց շահերը, ռեգուլյար արել են, անում են և դեռ անելու են այնպիսի բաներ, որպեսզի մենք այդ սխալները կրկնենք կամ ընկնենք։ Այդ իսկ առումով մեր թիմը տարբերվում է բոլոր մնացած թմերից, որ մենք գիտենք այդ թալակները, և մեծ հավանականություն կա, որ հերթական անգամ այդ թալակները չենք ընկնի»: