Անահիտ Բախշյան․ «Կարողանալու ենք անել այն, ինչ մնացած քաղաքական ուժերը չեն արել տարիներ շարունակ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրը քարոզչություն իրականացրեց Երևանի 3-րդ ընտրատարածքն ընդգրկող Շենգավիթ վարչական շրջանում: Այստեղ «Ազատ դեմոկրատներից» առաջադրվել է կուսակցության ցուցակի 4-րդ համար Անահիտ Բախշյանը:

«Կարողանալու ենք անել այն, ինչ որ մնացած քաղաքական ուժերը չեն արել տարիներ շարունակ», - լրագրողների հետ զրույցում նշեց Բախշյանը: - «Յուրաքանչյուր մարդու իրավունք պետք է պաշտպանված լինի Հայաստանում օրենքով, առանց խտրականության», - մանրամասնեց նա:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող Հանրապետականից առաջադրվել են ընտանեկան բիզնեսով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Արայիկ Հովհաննիսյանը: «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ հանրապետականների հետ չի մրցելու․ - «Տեսակը, որ ես եմ բերում և այն տեսակը, որ մեր՝ «Ազատ դեմոկրատների» երիտասարդներն են ներկայացնելու, խիստ տարբերվելու է»:

Չնայած, որ պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանն ասաց, որ դեռ ընտրակաշառք բաժանողների չի հանդիպել, այդուհանդերձ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ քննարկման հիմնական թեման հենց քվեների վաճառքն էր:

«Ժողովուրդը վատ է պարում, որովհետև ժողովրդի ինչ-որ մասը ընտրությունը կաշառքով է անում», - ասում էր Բախշյանը՝ հորդորելով պայքարել ընտրակաշառքի դեմ:

«Չունենալուց է, սիրելիս, չունենալուց», - հակադարձում էր ընտրողներից մեկը:

Քաղաքացիների մի մասը կքվեարկի ընտրակաշառքով, բայց փողոցում պետք է ընտրողներին հույս ներշնչել, ասում է «Ազատ դեմոկրատների» ցուցակով ընտրարշավին մասնակցող մեկ այլ անկուսակցական՝ Ստեփան Սաֆարյանը․ - «Մեր քարոզարշավի հիմնական նպատակն է հնարավորինս շատ մարդ փրկել խորտակող, բոլորին անհուսության մատնող այդ հոգեվիճակից»:

Համակրանք հայտնելով «Ազատ դեմոկրատների» թեկնածուին՝ «Ազատության» հետ զրուցած քաղաքացիները թերահավատ էին, որ նա կկարողանա մրցել Հանրապետականի հետ:

Կանանց միջազգային օրը ծաղիկներ նվիրելով քարոզչություն իրականացնող «Ազատ դեմոկրատները» քաղաքացիներին խոստանում էին, որ ընտրվելու դեպքում կհասնեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն ու կձգտեն Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման: Խոստումների շարքում էր նաև անվճար ուսման հնարավորության ապահովումն ու ապօրինի ձեռնարկատիրության դեմ պայքարը: