ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն պնդմանը, որ Հայաստանում վախի մթնոլորտ կա:
«Չեմ կարծում: Այս ընտրությունները այդ իմաստով տարբերվում են նախորդից հենց էդ առումով, որ չեմ տեսել որևէ տեղ ինչ-որ վախեցած մարդիկ, ովքեր որ իրենց ազատ խոսքն ուզում են արտահայտել` դրա հետ կապված խոչընդոտներ մինչև հիմա չեն եղել: Ընդհակառակը, եթե ինչ-որ միջադեպեր էլ տեղի են ունեցել՝ տեղի են ունեցել ավելի շատ այս ռեյտինգային համակարգի հետ կապված, էն էլ՝ նույն թիմի անձանց միջև», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ռուստամյանը:
«Ես ասում եմ՝ էս ընտրությունները ընդհանրապես աննախադեպ են, և էսպիսի ընտրություն երբեք չենք ունեցել, որովհետև, նախ, մենք անցկացնում ենք նոր համակարգի մեջ, նոր խորհրդարանի, որ ես ասում եմ՝ հիմնադիր խորհրդարան է ըստ էության ընտրվելու, և նոր ընտրակարգով է դա տեղի ունենալու, շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն», - ասաց դաշնակցական գործիչը:
Դիտարկմանը, որ Դաշնակցության՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ հնչած խոստումներից բոլորը չէ, որ իրականություն դարձան, Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ - «Նախ, մենք խոստումներ ենք տալիս և ամբողջությամբ դա կատարելու հայտ ենք ներկայացնում, եթե իշխանություն ենք դառնում: Չդարձանք՝ 12 թվականին ունեցանք 5 մանդատ՝ 131 պատգամավորի մեջ»:
Հարցին՝ «շատ ավելի ուշ դարձա՞ք», նա պատասխանեց․ - «Չէ, իշխանության մաս լինելը, նախ՝ ամբողջական իշխանություն չենք, որովհետև էսօր իրական կոալիցիա էլ չի՝ առանց մեզ Հանրապետականը ունի մեծամասնություն»:
«Ամեն դեպքում, ունեցաք նախարարներ», - այս դիտարկմանն էլ Ռուստամյանը հակադարձեց․ - «Հա, ամեն դեպքում ունեցանք և ամեն դեպքում կատարեցինք մեր ասածների մի զգալի մասը՝ ավելի շատ, քան 5 պատգամավորով կարող ենք անել: Մենք վերացրել ենք էն աթոռը նախագահի, որի վրա նստողը ունենում էր ամբողջ իշխանությունը՝ հիմա էդ աթոռը չկա․ ո՛չ վարչապետը կունենա էդ լիազորությունները, ո՛չ Ազգային ժողովի նախագահը․․․ Նոր համակարգը բալանսավորված իշխանություն է ենթադրում»:
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ արած հայտարարություններին, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ էին, նոր Ընտրական օրենսգիրքն է՛լ ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները, և ակնհայտ է լինելու «քսակների կռիվը զոռբայության մթնոլորտում», Ռուստամյանը ասաց․ - «Ես ցավում եմ, որ պարոն Քոչարյանը այդ տեսակետի վրա է, որովհետև մենք ժամանակին երբ որ իր հետ համագործակցում էինք և 2005 թվականին փոխեցինք Սահմանադրությունը՝ 95 թվականի Սահմանադրությունից անցանք 2005 թվականի Սահմանադրությանը, էդ ժամանակ բոլորովին այլ տեսակետներ ունեինք․ մենք մտածում էինք, որ պետք է մեծացվի խորհրդարանի դերը, և պարոն Քոչարյանն էլ ունի բազմաթիվ այլ հայտարարություններ՝ կապված նրա հետ, որ պառլամենտարիզմը շատ ճիշտ ուղղություն է Հայաստանի համար՝ եվրոպական պառլամենտարիզմը, քանի որ մենք դեպի Եվրոպա ինտեգրման գործընթացի մեջ ենք, իսկ Եվրամիության երկրներից 19-ը խորհրդարանական կառավարում ունեն»:
Հարցին էլ՝ արդյոք Դաշնակցությունը խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կկազմի՞ Հանրապետականի հետ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Մենք որևէ կոալիցիա կամ համագործակցություն ձևավորում ենք՝ ելնելով մեր սկզբունքներից և նպատակներից․ եթե էդ նպատակներն ընդունում են, մենք գնում ենք համագործակցության, և դա մենք փաստել ենք»: