Կորյունի փողոցում վարձակալված մի բնակարանում հայտնաբերվել է երկու տղամարդու դի

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու տղամարդու մահվան հանգամանքները, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«2017 թվականի մարտի 7-ին՝ ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվող երկու տղամարդու դի: Դիակների արտաքին զննությամբ վերջիններիս աճուկային շրջանում հայտնաբերվել են հետքեր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են ներարկիչ, տարբեր տեսակի դեղերի տարաներ, հեռախոսներ և այլ առարկաներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդկանց ինքնությունը. նրանցից մեկը 1964թ. ծնված Ա. Գրիգորյանն է, մյուսը՝ 1975թ. ծնված Ա. Ավետիսյանը: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: