Մամեդյարովը մեղադրում է միջազգային կազմակերպություններին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Խոսել արևմտյան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող Amnesty International-ի անաչառության մասին՝ երկերեսանիություն է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Եթե ստուգենք ոչ-կառավարական կազմակերպություններին, կտեսնենք, որ դրանց բյուջեն փաստորեն կառավարական աղբյուրներից է», - ասել է Մամեդյարովը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի հետ հանդիպմանը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ամերիկյան ոչ-կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը հաստատում է Կոնգրեսը, իսկ Amnesty International-ի ֆինանսավորման մի մասը հատկացնում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը: «Կատարյալ երկերեսիանություն: Իրերն իրենց անուններով պետք է կոչենք», - ասել է Մամեդյարովը:

Միջազգային կազմակերպությունները հաճախ են քննադատում Ադրբեջանի իշխանություններին՝ երկրում մարդու իրավունքների վիճակի պատճառով: Մասնավորապես, Amnesty International-ը իր վերջին հայտարարությամբ խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Կազմակերպությունը հայտարարել է, որ «Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է»: