«Հաց բերողը» վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Արթուր Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվում է քաղաքացիական հիվանդանոց, 6-ը մարտի, 2017թ․

«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի կյանքին վտանգ չի սպառնում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի աղեստամոքսային բաժանմունքի ավագ օրդինատոր Տիգրան Սերոբյանը։

«Հաց բերողը» երեկ կեսօրին էր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, երբ Գլխավոր դատախազությունը որոշել էր ազատ արձակել նրան կալանքից վեց պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց։ Արթուր Սարգսյանն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Բժշկի խոսքով՝ ակտիվ միջամտության շնորհիվ մի քանի ժամվա ընթացքում կարողացան նրան դուրս բերել ծանր վիճակից։

«Հիվանդը ռեանիմացիայի բաժանմունքից տեղափոխվել է աղեստամոքսային բաժանմունք: Ներկա պահին հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին ծանրության», - նշեց բժիշկ Սերոբյանը: - «Հետազոտման տվյալներով կյանքի վտանգ չի սպառնում», - հավելեց նա:

«Դատապարտյալների հիվանդանոցում» 25 օր հացադուլի անցկացրած Արթուր Սարգսյանը երեկ արդեն սնվել է, պատմեց բժիշկը։ Նա անդրադարձավ նաև «Հաց բերողի» կերակրափողի հիվանդությանը, որը, ինչպես պնդում են փաստաբանները, Արթուր Աարգսյանը ձեռք է բերել անցած 7 ամիսներին բանտում: Միևնույն ժամանակ, խոսեց նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» եղած ժամանակ փաստաբանների ահազանգի մասին, ըստ որի Արթուր Սարգսյանը մի քանի օր արյունային փսխումներ էր ունեցել։ Բժշկի գնահատմամբ՝ Սարգսյանը ևս մի քանի օր կմնա իրենց հսկողության տակ։

«Մանրամասն անամնեստիկ տվյալները [հիվանդության հետ կապված տեղեկությունները] հավաքելուց հետո պարզվեց, որ հիվանդը դեկտեմբեր ամսին, ըստ իր խոսքերի, ունեցել է արյունային փսխում, կատարվել է գաստրասկոպիկ հետազոտություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ըստ իր խոսքերի, և ախտորոշվել է Մելորի - Վեյսի համախտանիշ, որից հետո՝ դեկտեմբերից մինչև վերջին մեկ շաբաթ ընկած ժամանակահատվածում հինգ անգամ դիտվել է արյունային փսխում: Ներկա ժամանակ, վերջին մի շաբաթում արյունային փսխում չի դիտվել», - նշեց Տիգրան Սերոբյանը:

Անցած ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Արթուր Սարգսյանը ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Սարգսյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Անցած դեկտեմբերին նա ազատ արձակվեց, ապա՝ փետրվարի 9-ին, կրկին կալանավորվեց։

Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում էր ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։

Արթուր Սարգսյանն այսօր հրաժարվեց տեսանկարահանումից՝ ասելով, թե չի ցանկանում, որ իրեն հյուծված տեսնեն: Խոստացավ կազդուրվելուց հետո պատասխանել մեր հարցերին՝ առայժմ բանավոր փոխանցելով, որ մարտի 20-ից հետո պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանի դեսպանատան առջև՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար: Հայտնեց՝ նաև կբողոքի իշխանությունների դեմ՝ խորհրդարանական ընտրությունները ապրիլյան պատերազմի տարելիցի օրը նշանակելու համար:

«Նրանք վախեցան, որ մարդկային զոհ լինի»

«Հաց բերողին» տեսակցության էր եկել դերասանուհի, վերջին շրջանում բողոքի ակցիաների մասնակցող Թամար Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ իշխանությունները որոշեցին ազատ արձակել Սարգսյանին՝ հասկանալով, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

«Նրանք վախեցան, որ մարդկային զոհ լինի, որովհետև դա այլևս լռեցնել հնարավոր չէր լինի՝ միջազգային մասշտաբով», - կարծիք հայտնեց դերասանուհին․ - «Փառք Աստծո՝ ինքը նվնվան տղա չի, որ հարցնում ես ոնց ես՝ ասում է՝ շատ լավ եմ»: