«Ստիպողաբար ոչ մեկին չենք պահում Եվրասիական տնտեսական միության կազմում: Միայն այս կազմակերպությանն անդամակցությունն է հնարավորություն տալիս գազը գնել ցածր գներով»: Այսօր Բիշքեկում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքին նման հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Վերջինս նաև որոշակի թվեր է նշել: «Եթե որոշ երկրներ, որ այստեղ ներկա են, չանդամակցեին մեր միությանը կամ, ենթադրենք՝ դուրս գային միությունից, այդ երկրները գազ կգնեին եվրոպական գներով, 200 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ահա և վերջ։ Եվ պետք չէ այստեղ ինչ որ բաներ ապացուցել, հաշվարկներ անել։ Ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարն ու հավելել՝ «Այս մասին պետք է հիշել, երբ ընդունվում են որոշումներ, որոնք խոչնդոտում են մեր ինտեգրումը։ Վերջապես՝ մենք այստեղ ոչ մեկին ուժով չենք պահում»։
Մեդվեդևի այս կոշտ հայտարարության հասցեատերն, ըստ էության, Բելառուսն է, որն այսօր լուրջ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ գազի և դրա տարանցման գների շուրջ։ Վերջերս «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հետևյալ հարցին՝ արդյո՞ք Հայաստանը տապալեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որպեսզի գոհացնի իր մեծ դաշնակից Ռուսաստանին, ասել էր՝ «Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրեք: Ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա պարտավոր պետք է լինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»:
ԵՏՄ անդամ Հայաստանի բնակչության համար, ի դեպ, ռուսական գազն արժե 284,8 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ խոշոր սպառողների՝ ձեռնարկությունների համար այդ թիվը 242,1 դոլար է։ Հայաստանի սահմանին, մինչդեռ, ռուսական գազը «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից ձեռք է բերվում 150 դոլարով։
Ղրղզստանում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Ղրղըզստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։
Բիշքեկյան նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ, հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին, Ռուսաստանի Կազան քաղաքում: