«Ելք»-ը ահազանգում է՝ Վանաձորում փչացրել են իր պաստառները. ԿԸՀ-ն, Ոստիկանությունն արձագանքում են

Լուսանկարը՝ «Ելք»-ի մամուլի ծառայության

«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ մարտի 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները։

«Ելք» դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության համար «Ելք»-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից», - ասված է դաշինքի մամուլի հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Տեղի ունեցածին արձագանքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): Հիշեցնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ընտրարշավի ընթացքում առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավասու՝ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն, խնդրելով Վանաձորում «Ելք»-ի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով:

Ոստիկանությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր «Ելք» դաշինքի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին դիմում է ներկայացրել անհայտ անձի կողմից Տիգրան Մեծի 16/1 հասցեում գործող շտաբի պատին փակցված պաստառը պատռելու մասին: «Դիմումում նշված հանգամանքների ստուգման նպատակով ոստիկանության Տարոնի բաժինն իր իրավասության սահմաններում ձեռնարկել է համապատասխան միջոցներ: <...> Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում այդ մասին կիրազեկվի ընտրական հանձնաժողովը: Նյութերն ուղարկվելու են ըստ ենթակայության», - ասված է հաղորդագրությունում: