Որպես ընտրողի, ընտրապայքարում կուսակցությունների, դաշինքների ներկայացումը Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանին դեռ չի բավարարում։ Ըստ ԱԺ պատգամավորի, քարոզարշավին դեռևս 2012 թվականի մեթոդոլոգիաներն են կիրառվում։ Նոր մոտեցումներ Պողոսյանն առայժմ շատ չի տեսնում։
«Եթե միշտ մնա միայն ու միայն ուղղակի ինչ-որ փոքրիկ խոստումների վրա, և ոչ ծրագրերի մշակման, ներկայացման, որովհետև, օրինակ, այն, ինչ այսօր էի տեսնում, մի տեսակ ոնց որ թե նորությունների պակաս լիներ։ Ես հասկանում եմ, որ սոցիալական կայքերը շատ լավ տեղեկատվական, այսպես ասենք, ժամանակի կրճատում են բերել», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Ինձ, որպես ընտրողի, նայում եմ` 2012 թվականի բոլոր մեթոդոլոգիաներն են կիրառվում, նոր մոտեցումներ առայժմ շատ դեռ չեմ տեսնում»։
Համակարգված մոտեցում ԱԺ պատգամավորը դեռևս միայն «Ելք» դաշինքի մոտ է նկատում։ «Երբ որ մարդիկ ներկայացրեցին, որ կբաժանենք ամեն մեկս ինչ-որ տարածքների, մի ժամանակ կլինենք առանձին-առանձին, հետո միասնական կգանք, քարոզը կտանենք, փորձում են միասին ծրագրային այդ կետերն անեն՝ փողոցում մարդկանց հետ բաց քննարկման են դնում և դա դնում են միանգամից օնլայն կամ live ձայնագրմանը, ներկայացմանը, որտեղ մարդիկ կարող են տեսնել այդ դիսկուրսները, հետևել։ Մնացածի մոտ ավելի շատ, ինձ թվում է, հին բաներն են կրկնվում, ասենք՝ մեկ մեծ մեքենայով գնալ գյուղի մեջտեղը կանգնել, ընդհանուր խոսել։ Իսկ միգուցե այլևս այդ մեխանիզմը չի՞ աշխատում, որովհետև մենք գիտենք, թե ինչպես են շատ գյուղապետերը ստիպված լինելու ապահովելու իշխանությունների կողմից երևույթներ, և միշտ էլ մարդիկ այդտեղ չեն գտնվելու։ Ոչ թե ես սպասեմ, որ իշխանությունները ճնշումներ գործադրեն, այլ ես այնքան խելոք գտնվեմ՝ նոր մոտեցում ձևավորեմ, որ իշխանությունների բոլոր ճնշումները չաշխատեն», - ասաց ԱԺ պատգամավորը։
Պողոսյանն ասաց, որ իրեն հետաքրքրում են այլընտրանքային մոդելները։ «Գուցե պետք է գյուղում դուռ առ դուռ գնալ, գնալ հենց այդ մարդու մոտ՝ դաշտում իր հետ հանդիպել և խոսել։ Բայց մի տեսակ, այդպես ասած, առաջին օրվա բոլորի ռոլիկների գաղափարը, որ նայում ես, կարելի է հավանել, չհավանել, բայց թարմություն չկար, ռոլիկը՝ ռոլիկ էր, կամ հավաքը՝ հավաք էր։ Բոլորի մոտ կարճ ծրագրի ներկայացում էր, իսկ միգուցե կարելի էր այլ շեշտադրումներ, ավելի մանրամա՞սն ներկայացնել, ավելի հետաքրքի՞ր սարքել՝ տանել դեպի դիսկուրս, որովհետև ինձ հետաքրքրում են այլընտրանքային մոդելները՝ ի՞նչ եք դուք ինձ առաջարկում։ Մի ասեք՝ ինչպիսին են իշխանությունները, դա ես շատ լավ գիտեմ, հինգ տարի էլ բոլոր այդ վատ բաների թթու ջուրը, ժողովրդական լեզվով ասած, խմել եմ, ինձ պետք չէ մեկ անգամ ևս դա բացատրել, բայց ի՞նչ ենք մենք անելու գործնական իմաստով, չէ՞ որ ես ընտրելու եմ մի իշխանություն, որը հինգ տարի պետք է ամեն օր աշխատի, իմ կյանքը փոփոխի։ Այդպես էլ ես, օրինակ, այսօրվա դրությամբ, չեմ իմանալու՝ հինգ տարի հետո որտեղ եմ հասնելու այսօրվանից որտեղ եմ գալու, ինչ կետի ենք մենք հասնելու: Որովհետև քո տեսլականը կարող է լինել 100 տարվա, երբ որ ասում ես՝ «ես Հայաստանն ուզում եմ տեսնել ժողովրդավար երկիր», ինձ համար դա միգուցե և 100 տարվա տեսլականն է, որ վաղվանից մինչև 100 տարին էլ թող նույն ձևի լինի, բայց ի՞նչ քայլեր եմ անելու, որտե՞ղ են իմ փոփոխությունները լինելու», - ասաց Պողոսյանը։