«Հայաստանում իրավապահների անպատժելիություն, կոռուպցիա, ազատությունների սահմանափակում». Զեկույց

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016-ի զեկույցը: Դա թվով արդեն 41-րդ տարեկան զեկույցն է, որում ամփոփվում է մարդու իրավունքների կացությունն աշխարհի մոտ 200 պետություններում և տարածքներում, այդ թվում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև ամերիկյան աջակցությունը ստացող բոլոր պետությունում:

Ինչպես զեկույցի նախաբանում է նշել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ «մարդու իրավունքների և դեմոկրատական կառավարման խթանումը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնական տարրն է: Այդ արժեքներն են հանդիսանում կայուն, անվտանգ և գործող հասարակարգերի հիմքը: Զեկույցը, վկայում է ազատության, մարդու արժանապատվության և գլոբալ բարգավաճման գաղափարներին Ամերիկայի անվերապահ հավատարմության մասին»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսին Թիլերսոնի փոխանցած զեկույցի՝ Հայաստանի բաժնում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Հայաստանն աստիճանաբար վերածվում է խորհրդարանական երկրի, ինչն ավարտին կհասնի, երբ 2018 թվականին կսպառվի ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը և նրա առաջնորդած հանրապետական կուսակցությունը:

2013 թվականի նախագահական և 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվենվարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը:

Անվտանգության ուժերն արդյունավետ կերպով վերահսկվում են քաղաքացիական իշխանության կողմից:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել է ոստիկանության համալիրը, պատանդառել է ոստիկանների և քաղաքական պահանջներ է ներկայացրել: Երկու շաբաթ տևած առճակատման ընթացքում սպանվել է երեք ոստիկան: Մայրաքաղաքում և այլ շրջաններում տեղի են ունեցել «Սասնա ծռերի» հետ համերաշխության ցույցեր:

Իրավապահները խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել և ապօրինի ձերբակալություններ են կատարել: 5 ոստիկանների լիազորությունները դադարեցվել են, 13-ը կարգապահական տույժի են ենթարկվել, 4 ոստիկան, այդ թվում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, պաշտոններից ազատվել են, սակայն այդ ամենն, ըստ զեկույցի, համարժեք պատիժ չէ համատարած չարաշահումների համար:

2016-ի ընթացքում առավել մտահոգիչ խնդիրներն են իրավապահների անպատժելիությունը և իշխող հանրապետականների քաղաքական գերակայությունն ապահովելու համար պաշտոնյաների կողմից կառավարության լծակների գործադրումը:

Դատական սահմանափակ անկախության պայմաններում երկրի վերնախավը քաղաքական և տնտեսական լծակներն օգտագործել է աջակիցներին, ինչպես նաև կաշառված իրավապահ և դատական համակարգը հարստացնելու համար:

Այլ խնդիրների շարքում զեկույցում նշվում են բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած սպանությունները, սպաների կամ ծառայակիցների կողմից զինվորներինկատմամբ բիրտ գործողությունները:

Բանտերում գերբնակեցում է և ծանր պայմաններ, 2016-ի առաջին 10-ն ամիսների ընթացքում բանտերում մահացել է 24 մարդ, 17-ը՝ տարբեր հիվանդությունների զոհ են դարձել, 7-ը ինքնասպանություն է գործել:

Ձերբակալությունների և հարցաքննությունների ընթացքում բերման ենթարկվածների և կասկածյալների նկատմամբ իրավապահները բռնություններ են կատարել, հայաստանում տեղի են ունենում կամայական ձերբակալությունները:

Լուրջ խնդիր են նախնական կալանքի երկարատև ժամկետները, ձերբակալության պատճառների ոչ թափանցիկ հանգամանքը, ցուցմունքների հանդեպ անվստահությունը, ազատ արձակելու կարգի անորոշությունը, ձերբակալվածների՝ տեսակցության իրավունքի կամայական սահմանափակումը, երկարատև դատավարությունները:

Դատարանները թերանում են դատական գործընթացի արդարությանն ուղղված օրենքները կիրարկելու հարցում:

Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ տպագիր և հեռարձակող մամուլը կարծիքների բազմազանություն չի ապահովում, հեռուստաընկերությունների գերիշխող մասը պետության տեսակետն է արտահայտում:

Բնակչության մեծամասնության համար հեռարձակող մամուլից տեղեկատվության հիմնական աղբյուրը հանրային հեռուստատեսությունը մնում է: Հեռուստակայանների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին և քաղաքական կապեր ունեցող ունեցող գործարարներին: Այդ կայանները իրադարձությունները միակողմանի են լուսաբանում:

Քաղաքական զգայուն հարցերում մամուլի գերիշխող մեծամասնությունը կառավարության տեսակետն է արտահայտում: Անկախ մի քանի լրատվամիջոցներ հիմնականում համացանցում են աշխատում, ինքնաբավ չեն և գոյատևում են միջազգային ֆինանսական աջակցության շնորհիվ:

Իշխանությունը հիմնականում չի վերահսկում համացանցային մամուլը, որը սոցիալական ցանցերի հետ մեկտեղ դարձել է տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուր:

Համացանցով քաղաքական զարգացումների ուղիղ հեռարձակումը մեծ կարևորություն է ձեռք բերում հատկապես հանրային բողոքների ժամանակ:

Այնուամենայնիվ համացանցային մամուլն էլ որոշակի կախվածություն ունի սեփականատերերից և գովազդատուներից: Կան վստահելի տեղեկություններ այն մասին, որ և համացանցային և հեռարձակվող լրատվամիջոցները իշխանության հետ առնչություններ ունեցող մի խումբ մարդկանց ձեռքում են: Ավանդական և համացանցի մամուլի պատկանելությունը թափանցիկ չէ: Մամուլում կա ինքնագրաքննություն:

Ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից եղել են լրագրողների վրա հարձակման դեպքեր: Ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տուժել է 24 լրագրող և օպերատոր:

Հավաքների ազատությունը, քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունները և բազմակարծությունը սահմանափակվել են: Առկա է ընտանեկան բռնության խնդիր: Իշխանությունը որոշ սահմանափակումներ է գործադրել կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք նաև ենթարկվել են հանրային-սոցիալական պարսավանքի:

Արական և իգական սեռի նորածինների թվի անհավասարությունը վկայում է սեռով պայմանավորված աբորտների առկայության մասին:

Շարժունակության խնդիրներ ունեցող քաղաքացիների հանդեպ համատարած խտրականություն է:

Խտրական վերաբերմունք է դրսևորվել նաև սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Հանրության կողմից բացասական վերաբերմունք է ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ով հիվանդ մարդկանց նկատմամբ:

Կառավարությունը ոտնահարում է աշխատավորների իրավունքները և ոչ համարժեք եռանդով է գործադրում աշխատանքային օրենսգիրքի պահանջները:

Իշխանությունը հպանցիկ է քննում պաշտոնյաների չարաշահումների գործերը: Իրավապահներն անպատժելիորեն բռնություններ են գործադրում, երբեմն այդ համակարգի ղեկավարների անմիջական հրահանգներով:

Իշխանության կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումներում տեղի ունեցած 10-ը սպանությունների համար:

Հայաստանյան զեկույցի 4-րդ բաժնում կա ծավալուն անդրադարձ կոռուպցիային: Հղում անելով Համաշխարհային բանկի և «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցներին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը փաստում է, որ համատարած կոռուպցիան Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, և դրա դեմ կառավարության պայքարը սոսկ մակերեսային է:

Թեպետ Սահմանադրությունն արգելում է գործարարներին զբաղեցնել պետական պաշտոններ՝ մեծ թվով գործարարներ և խոշոր սեփականատերեր Ազգային ժողովի պատգամավորներ են, իսկ կառավարության պաշտոնյաներն առաջ են տանում իրենց մասնավոր գործարար շահերը:

Օլիգարխները կապեր ունեն կառավարության հետ և մենաշնորհ են հաստատել տնտեսությունում: Ավելին, իշխանությունն անտեսում է կառավարության պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին մամուլի հրապարակումները:

Կոռուպցիան առկա է շինարարության բիզնեսում, պետական, դատական ատյաններում, գնումների ոլորտում, հարկային, մաքսային, կրթական, առողջապահության համակարգերում և բանակում:

Ապրիլյան բախումներից հետո հանրությունն ահազանգել է բանակի թերի ղեկավարման և միջոցների յուրացման մասին, ինչին ի պատասխան պաշտպանության նախարարությունն ազդարարել է հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկելու մասին:

Որոշ ավագ սպաներ, մասնավորապես գնումների ոլորտը կարգավորողներից մի քանիսը, ազատվել են պաշտոններից: Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումներ է տվել, սակայն գործնականում միակ տեսանելի արդյունքը եղել է կառավարության ավտոմեքենաների թվի կրճատումը:

Ապրիլի 4-ին «Հետք» համացանցային լրատվամիջոցը հրապարակել է վերլուծություն ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին: Պողոսյանը հրաժարական է ներկայացրել, հարուցվել է քրեական գործ, սակայն, ինչպես Պետդեպարտամենտի զեկույցում է ասվում, նոյեմբերի 25-ի դրությամբ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել [Մեր կողմից հավելենք, որ գործը հետագայում ընդհանրապես կարճվել է]:

Օրենքը պահանջում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագրեր: Դրանց մի մասը տեղադրվել է համացանցում:

Այնուամենայնիվ, մեծ թվով պաշտոնյաներ, դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, թաքցնում են իրենց ունեցվածքի և եկամուտների աղբյուրը, տեղեկություններ չեն հայտնում ստացած նվերների կամ փոխառությունների ապահոված շահի մասին:

Իշխանությունը թերանում է հավատարմագրերում հայտնված անբացատրելի հարստության կամ ակնհայտ անհամապատասխանության հարցերն ուսումնասիրելու գործում: