Հանրապետականը հաղթելու է. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հավատում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետականը հաղթելու է։ Այդ մասին երկրի նախագահը, իշխող Հանրապետականի ղեկավարը հայտարարեց այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ։

Ի դեպ նկատենք, Հանրապետականը միակ քաղաքական ուժն է, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց լրագրողների համար փակ միջոցառմամբ։ Թե ինչո՞ւ էր որոշվել լրագրողներին թույլ չտալ լուսաբանել այսօրվա նախընտրական միջոցառումը, պարզ չէ:

Ամեն դեպքում, «Դինամո» մարզադահլիճում անցկացված բազմամարդ հանդիպումից ժամեր անց Հանրապետականն իր Lovarmenia նախընտրական կայքում տարածեց նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթները։

«Հավատում ենք, որ մենք կհաղթենք»

«Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք անվտանգություն և առաջընթաց», - ասաց Սերժ Սարգսյանը։

Իշխող Հանրապետականի նախագահը, ով ընդգրկված չէ կուսակցության նախընտրական ցուցակում, իր խոսում ընդգծեց՝ այսօրվանից ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ՝ հաշվի առնելով, որ ձևավորում է երկրի կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգը։

Ուշագրավ է, որ, դիմելով ընտրողներին, Սերժ Սարգսյանն ասաց, թե նրանք իր համար բարեկամներ են և ոչ թե ընտրողներ: «Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի», - ասաց նախագահը:

«Վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ»

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորեց ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ընդգծելով, որ դրանք որևէ մեկի մոտ չպետք է կասկած առաջացնեն։

«Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության և հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան», - ասաց ՀՀԿ նախագահը:

«Ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը»

Անդրադառնալով արդեն իր ղեկավարած ուժի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ավելի կարևոր բան, քան երկրի, տվյալ դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է, չկա։

«Վերջին քսանհինգ և ավելի տարիներն ինձ համար եղել են ծանր աշխատանքի և պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը», - ասել է նախագահը:

«Կարեն Կարապետյանը պետք է ապահովի առաջընթաց»

Իր ելույթում Հայաստանի նախագահը նաև խոստացավ, որ քաղաքացիները ամեն տարի զգալու են իրենց կյանքի որակի բարելավումը, առաջընթացը, որն ի դեպ, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է ապահովի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նկատենք, որ Կարեն Կարապետյանը, թեև նույնպես ընդգրկված չէ Հանրապետականի նախընտրական ցուցակում, սակայն, այսօրվանից մեկնարկած քարոզարշավում գլխավոր դերակատարություն է ստանձնել։

«Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրն է՝ ապահովել ու խթանել այդ առաջընթացը», - ասել է Սարգսյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր հերթին խոստացավ՝ իրենք ունեն ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքն ու վճռականությունը, և որ ամենակարևորն է, իրենց թիմն ունի սխալներն ընդունելու համարձակություն։

«Փոխվելու և փոխելու անհրաժեշտությունը մեզ համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք և վստահենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Մենք հույս ունենք, որ կստանանք ընտրողի քվեն, որովհետև գիտենք՝ ինչ ենք անելու, ինչ թիմով ենք անելու ու վստահ ենք, որ հետևողական ենք լինելու։ Ուրեմն, միասին՝ դեպի բոլորիս երազած Հայաստան», - ասաց վարչապետը։

Փոխելու և փոխվելու մասին խոսեց ոչ միայն վարչապետ Կարեն Կարապետյանն, այլև Հանրապետականի նախընտրական տեսահոլավակում երգեց «Ռեինակարնացիա» խումբը: «Փոխենք աշխարհը» երգում հանրապետականները հետևյալ միտք են առաջ տանում՝«եթե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես»։ Երգում կարևորում է նաև բարի և հանդուրժող լինելու հանգամանքը։

Հանրապետականի նախընտրական տեսահոլովակում նկարահանվել են աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը, բռնցաքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեև անձնապես տեսահոլովակում չկա, բայց փոխարենը կադրում հայտնվում է նրա լուսանկարը։ Ի դեպ տեսահոլովակի վերջում երջանիկ ու զվարճացող երիտասարդներին է միանում նաև Հանրապետականի փոփոխությունների սիմվոլը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ժպիտը դեմքին։

Վարչապետը նաև ի ցույց է դնում հարվածային գործիքների վրա նվագելու իր կարողությունը: