«Գալիս ենք խաղաղություն հաստատելու ծրագրով». Լևոն Զուրաբյան

«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով, - այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։

Դաշինքը քարոզարշավը սկսեց նախընտրական ծրագրի ներկայացմամբ։ Ընդդիմադիր դաշինքի պատկերացումները կետ առ կետ ներկայացրին մեկ տասնյակից ավելի թեկնածուները, ներկա չէր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, որ պատրաստվում են ժողովրդին ասել ճշմարտությունը: Ընդդիմադիր երկու ուժերը ընտրությունների են գնում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Նպատակը՝ բոլոր հարևանների հետ հաշտության հասնելն է:

«Մենք պետք է դուրս գանք այն վիճակից, որում այսօր գտնվում ենք, մի երկիր, որը խեղդվում է շրջափակումներից, այս հակամարտություններից, որը զրկված է զարգանալու բոլոր հնարավորություններից։ Մենք պետք է կարգավորենք, և մենք տեսնում ենք, թե ինչպես է դա պետք անել՝ կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Լեռնային Ղարաբաղի խնդիրն, այնպես որ ապահովվի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև, որը շատ կարևոր է, ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ պլանը, ծրագիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնված Մինսկի խմբի համանախագահների ծրագիրն է, որը նաև 2007 թվականին ընդունվել է Հայաստանի իշխանությունների կողմից, ընդամենը պետք է փութաջան դիվանագիտական ջանքերով հասնել այդ ծրագրի իրականացմանը», - ասաց Զուրաբյանը։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և՛ս ընդդիմադիր դաշինքի ծրագրային դրույթներից է։ «Առանց այն պատմաբանների հանձնաժողովի, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց՝ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության հաստատման։ «Մենք պետք է կարողանանք այսօր գործող տնտեսական համակարգը փոխել արմատապես, որովհետև այս համակարգն արդյունավետ է աշխատում միայն մի փոքր խմբի համար։ Այդ առումով, մի՞գուցե, իրենք շատ լավ համակարգ են ստեղծել, բայց այս համակարգն արդյունավետ չէ պետության համար, այս համակարգը նաև չի նպաստում խաղաղություն հաստատելու համար», - ասաց Խաչատրյանը։

Իշխանության գալու դեպքում ընդդիմադիր դաշինքը, ինչպես նշված է ծրագրում, խոստանում է 25 տոկոսով իջեցնել գազի ու էլեկտրաէներգիայի գինը, վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, առնվազն երկու անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները, մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը դարձնել 55 հազար դրամ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մեկ այլ նպատակ՝ ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ՝ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ որևէ այլ բնագավառում:

«Պետք է հետամուտ լինել թալանված միջոցները պետբյուջե վերադարձնելուն, և սա չպետք է ներկայացնել որպես կուլակաթափություն, խոսքը գնում է օրինականության հաստատման մասին», - ասաց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։

ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն էլ նշեց. - «Հասնենք նրան, որ սահմանվի շուկայի մենաշնորհեցման 33 տոկոս շեմ, որը հնարավորություն կտա մենաշնորհային դիրքեր չունենալու առանձին անհատների այս կամ այն ապրանքային շուկաներում»։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դաշինքի մի առաջարկ էլ ներկայացրեց․- «Չպետք է լինեն պետական կոչումներ և պետական նվիրատվություններ, վաստակավոր կոչումներ, որոնք պարզապես մրցակցություն են առաջացնում՝ ստեղծագործողի մոտ պետության հետ, իշխանության հետ մոտ լինելու»։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրային դրույթներից է նաև Մարտի 1-ի գործի բացահայտումն ու բոլոր մեղավորներին պատժելը, զուտ համամասնական ընտրակարգի հաստատումը, կառավարման նախկին՝ նախագահական-խորհրդարանական սահմանադրական մոդելի վերականգնումն ու հաջորդ տարի նախագահական ընտրությունների անցկացումը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները նաև հայերեն են թարգմանել «մերիտոկրատիա» եզրույթը՝ «շնորհապետություն»: Ինչպես Վլադիմիր Կարապետյանն ասաց, «ավազապետական համակարգին, պետք է փոխարինի շնորհապետությունը»:

«Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի 20-րդ կոնվենցիան ընդունվի և, հետադարձ ուժով, 1991 թվականից ապօրինի հարստացման միջոցով կուտակած գումարները վերադարձվեն պետական բյուջե», - ասաց Կարապետյանը։

Իր կողմից էլ մի նոր առաջարկ արեց «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը. - «Առաջարկում եմ ոչ միայն «փչացվածություն» տերմինը ներառել կոռուպցիայի, այլև կոռուպցիոներներին այսուհետ կոչել փչացած»։