Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Ընտրություններին, հիշեցնենք, կմասնակցեն 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք: Կուսակցություններից ընտրապայքարում են իշխող Հանրապետականը (ՀՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ) և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ):
Դաշինքներից ընտրողների ձայների համար պայքարում են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կոնգրես-ՀԺԿ»-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինք»-ը։
ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակի առաջին համարն է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդի» առաջին համարն է Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, Կոմկուսի վարչապետի թեկնածուն և առաջին համարը Վազգեն Սաֆարյանն է:
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան դաշինք»-ը՝ Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքում առաջին համարը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, «Ելք» դաշինքի ցուցակում առաջին համարը Էդմոն Մարուքյանն է:
Ըստ Կենտրոնական ընտրական հանջնաժողովի, ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել 180-ի:
Ըստ ոստիկանության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 միլիոն 564 հազար 734-ն է։