Հոգեբուժարանում հաշվառված ու անվճար հոգեմետ դեղեր ստացող տղամարդու կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց՝ ամուսինը տարիներ շարունակ չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ: Ում ասես դիմել է, ուր ասես գնացել՝ արդյունքը զրո է:
«Հոգեկան խնդիրներ ունի իմ ամուսինը: Մոտ վեց տարի է՝ մենք Աստված գիտի, թե ինչերի միջով ենք անցել», - պատմեց կինը: - «Ես էլ, ճիշտն ասած, աշխատանք չունեմ, երկու անչափահաս երեխաներ ունեմ, պարտքով եմ ապրում, գոնե թոշակը դասավորի»:
Մասիսի մի բնակիչ էլ պատմեց՝ դեղերի սուր կարիք ունի, ձեռքի տակ կան բոլոր բժշկական փաստաթղթերը, բայց հաշմանդամության կարգ չեն տալիս․ - «Իրենք ինձ մերժեցին: Ստուգեցին, ասացին որ՝ մենք զգում ենք, որ խնդիրներ ունես: Բայց, ասում են դրանք [թղթերը] չի անցնում, էպիկրիզ է պետք 6 ամիսը մեկ: Ես էլ ասում եմ՝ ես այդքան հնարավորություն չունեմ, որ անընդհատ գնամ պառկեմ հիվանդանոց, ինձ էպիկրիզ տան»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հանրապետության 4 մարզերում այսպիսի բազմաթիվ դեպքեր են առանձնացրել նաև մի քանի իրավապաշտպան և հակակոռուպցիոն հասարակական կազմակերպություններ: Նրանց իրականացրած հարցման մասնակիցների 20 տոկոսը պատասխանել է, որ պոլիկլինիկաներից բժշկական փաստաթղթերը ստանալու համար քաշքշուկների մեջ են ընկել, իսկ 16 տոկոսը ստիպված են եղել դիմել ծանոթ-բարեկամների միջնորդությանը: «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը ներկայացրեց մի քանի շահառուների կարծիքներ ու հավելեց․ - «Շահառուները նաև մատնանշում են, որ՝ մենք հաշմանդամության համար դիմել ենք, բայց որևէ մեկին մենք պարտք չենք: Մենք օրենքով սահմանված մեր կարգն ենք խնդրում և դա թույլ չի տալիս, որ հանձնաժողովները մեզ վատ վերաբերվեն»:
Երբ դահլիճում ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները սկսեցին խնդիրներ առաջ քաշել, Սոցապ․ նախարարության ներկայացուցիչ՝ Բժշկասոցիալական փորձագիտական գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանն ասաց՝ զեկույցի տվյալների զգալի մասի հետ համաձայն չէ: Ասաց՝ 2015-ին 74 հազար քաղաքացիներից ընդամենը 476-ն են բողոքել, որոնցից միայն 12-ի գործն է վերանայվել: Իսկ 2016-ին՝ 599 դժգոհ քաղաքացիներից միայն 5-ի հաշմանդամության կարգն է փոխվել: Հարցին, թե քիչ չեն արդյո՞ք ուշադրության արժանացած բողոքները, պատասխանեց՝ հաշմանդամության կարգի փոփոխման կարիք ունեին այդքանը:
«Այստեղ նաև նշվեց, որ չեն պատժվել անձինք․ պատժվել են: Այսօր 11 ԲՍՓ-ի նախագահ չեն մասնակցում որևէ աշխատանքների: Այսինքն, եթե կա ահազանգը, հիմքը, անպայման դրան համապատասխան իրավասու մարմինը պատասխան է տալիս», - հավելեց Անուշ Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ նախորդ տարի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: Սոցապ նախարարության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանը հիշեցրեց՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն առաջիկայում կվերանան: