Պալմիրան ամբողջովին ազատագրված է ԻՊ-ից․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ

Սիրիա - Կառավարական ուժերը ազատագրում են Պալմիրան, 2-ը մարտի, 2017թ․

Սիրիայի կառավարական ուժերը և աշխարհազորային ջոկատները, մեկուկես ամսվա ընթացքում հաղթահարելով «Իսլամական պետության» (ԻՊ) համառ դիմադրությունը, երեկ վերստին վերահսկողություն են հաստատել Պալմիրայի նկատմամբ, և այժմ քաղաքը ամբողջովին ազատագրված է: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նրա վկայությամբ՝ Ռուսաստանի Ռազմատիեզերական և Հատուկ գործողությունների ուժերը վճռական դեր են խաղացել Պալմիրայի ազատագրման գործում: «Ընդգծեմ, որ պահպանելու համար պատմական ժառանգությունը, որ չէին հասցրել ոչնչացնել ԻՊ ահաբեկիչները, հին Պալմիրայի պատմական հուշարձանների շրջանում հարվածներ չեն հասցվել», - ասել է Ռուդսկոյը:

Նրա տվյալներով՝ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան հազար զինյալ, 19 տանկ, 37 զրահամեքենա, ծանր սպառազինությամբ 98 պիկապ, շուրջ 100 ավտոմեքենա: Այժմ սիրիացի սակրավորները ականազերծում են իրականացնում ազատագրված քաղաքում և շարունակում են հարձակողական գործողությունները՝ Պալմիրան շրջապատող բարձունքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար:

Հիշեցնենք՝ «Իսլամական պետություն»-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձան Պալմիրան գրավել էր 2015 թվականի մայիսին, 2016-ի մարտին Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի օժանդակությամբ, ազատագրել էին այն, սակայն տարեվերջին ջիհադիստները կրկին վերահսկողություն էին հաստատել քաղաքի նկատմամբ: Հաղորդվում էր ահաբեկիչների կողմից Պալմիրայի պատմական հուշարձանների ոչնչացման մասին: