Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում պատճառելու համար:

Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ: Իրականացված անհրաժեշտ բժշկական միջամտության արդյունքում զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, և Գուրգեն Սարգսյանը երեկ ժամը 14:10 Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է, ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, փոխանցում է Քննչական կոմիտեն: