ՀՀԿ ղեկավար անդամ․ «Մասսայական թալանը տարիներ շարունակ շարունակվել է»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանի կարծիքով, ՀՀԿ անդամ լինելը իրեն կխանգարի առաջիկա ընտրություններում:

«Որովհետև հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան: Բնականաբար, դա իր ազդեցությունը կթողնի նաև իմ ռեյտինգային վարկանիշի վրա», - պատասխանելով «Ազատության» հարցին ասաց Կարապետյանը:

Նա ընդունեց, որ Սերժ Սարգսյանի գիտի այդ մասին․ - «Բոլորս գիտենք: Ոչ մեկ միամիտ չի էսօր ստեղ: Իսկ մի բան հաստատ դուք շատ լավ էլ գիտեք, որ երբ հանրության մեջ մեկ միլիոն և ավել, դա պաշտոնական թվերն են, ընչազուրկ խավ կա, չկա էդպիսի մի երկիր, որ ինքը իր իշխանությանը սիրի․․․ Իսկ պատճառները օբյեկտիվ են թե սուբյեկտիվ, ես կասեմ՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվ ա, որ մասսայական թալանը տարիներ շարունակ շարունակվել ա, և առաջին անգամ չեմ խոսում, և բոլոր էդպիսի մարդկանց ձեռքերը պետք ա բռնենք: Եվ պետական ինստիտուտներում էդպիսի մարդիկ պետք ա տեղ չունենան»:

Կարապետյանը խորհուրդ ունի իշխանությունից դժգոհողներին․ - «Ինչո՞ւ եք ընտրում իշխանությանը: Ես խորհուրդ կտամ չընտրեք: Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում, և կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց»:

Նրա համոզմամբ, հանրությունը բոլոր քաղաքական ուժերից մեծ դժգոհություններ ունի, ուստի պնդելը, թե Հանրապետականին կհաջողվի ձևավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն, մոսկվայաբնակ միլիարդատեր, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, «թեթևամտություն» է համարում․ - «Էդ որ բոլորը տենց մեծ-մեծ խոսում են, թող գնան տեղերում նայեն հանրության հոգեվիճակը, սոցիալական վիճակը․․․ Հլը Երևանից մի հատ դուրս եկեք էլի․․․ Հետո նոր փորձեն մեծ-մեծ խոսել․․․ Շատ մեծ դժգոհություն կա և՛ իշխանություններից, և՛ մեծ հիասթափություն կա, իմ պատկերացմամբ, ընդդիմությունից»:

«Հետևաբար», - շարունակեց Կարապետյանը, - «հանրությունը ինքը կորոշի: Հանրությունը բազմաթիվ շերտերից ա բաղկացած: Անապահով խավը մեծամասամբ կաջակցի ընդդիմադիր ուժերին»:

Լոռու մարզի ընտրատարածքում իշխող Հանրապետականի թեկնածուԿարապետյանը դեմ է ընտրությունների ռեյտինգայինին կարգին: Նա ասաց, որ կուսակցական քննարկումներում նույնպես արտահայտել է այդ տեսակետը․ - «Խառնաշփոթ ա ստեղծվում: Ժողովուրդը սոված վիճակում․․․ կարծես թե էս ժողովուրդը էլ խնդիրներ չունի, սաղս գնացել ենք․․․ հիմա կոպիտ ասեմ՝ սաղին իրար դեմ հանելու ենք, հակասություններ ըլնելու ա: Մենք թողելու ենք, գանք ստեղ հանգիստ նստենք, մարդիկ իրար՝ ազգ, բարեկամ, թշնամի են դառնալու: Ոչ մի մանդատ դրա արժեքը չունի»:

Պատգամավորը սպասելիքներ ունի նոր Կառավարությունից: Նա կարծում է, որ Հովիկ Աբրահամյանին փոխարինած Կարեն Կարապետյանը «ձգտելու է տեղաշարժ ապահովել»․ - «Կլինեն շատ ուժեր, որոնց ձեռնտու ա այս իրավիճակը: Եվ կլինեն խանգարողներ: Ես կլինեմ իրեն օգնողներից մեկը և ամենաշատ ցանկացողներից մեկը, որպեսզի գործերը նորմալ գնան»:

Այսօր խորհրդարան էր եկել Արագածոտնում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանը, ով հերքեց, թե մասնակցել է որևէ ծեծկռտուքի: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար, Դաշնակցական Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում պնդել էր, թե Փարպի գյուղի իր տանը մի քանի տասնակ կողմնակիցների հետ Առաքելյանը դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ Դաշնակցության օգտին քվեարկելու համար: Տուժողի անունը Դաշնակցականները չեն հրապարակում՝ տեղեկացնելով միայն, թե նա հիվանդանոց է ընկել:

Բազմասեր Առաքելյան

​«Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ: Ես նման բաներ արել եմ 15 տարի առաջ, երբ որ գորգի վրա եմ եղել, ռինգի մեջ եմ եղել: Նման բաները իմ վրով չի: Շա՞տ եք հետաքրքրված դրանով․ սպասեք՝ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կիմանաք», - ասաց Առաքելյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ծեծկռտուքի մասին մամուլի հրապարակումների հիման վրա Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ դեռ չի հարուցվել:

«Ազատության» հետ զրույցում դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց, թե գրառմանն ավելացնելու բան չունի, կսպասի քննության ավարտին:

Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն էլ է մասնակցել շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որտեղ գեներալ Սեյրան Սարոյանի փոխանցմամբ, նախագահը հանձնարարել է «կռիվ-դավի» չանել: Ռոբերտ Սարգսյանի հետ Ավանում ՀՀԿ-ից առաջադրվել է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, օֆշորային սկանդալում ներգրաված Միհրան Պողոսյանը:

«Իմ կողմից», - ասաց Ռոբերտ Սարգսյանը, - «բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե լսել է, որ Միհրան Պողոսյանը Քանաքեռ-Զեյթունում 100 դոլար կաշառք է խոստացել: Ռոբերտ Սարգսյանը տեղյակ է Զուրաբյանի հայտարարությանն ու անհանգստացած․ - «Լավ չի ինքը հնչում․․․ Այսինքն ընտրակաշառքը լավ բան չի: Էդքանով ա անհանգստացնում»:

ԵԿՄ նախագահ Սեյրան Սարոյան

Սեյրան Սարոյանն ասաց, որ եթե իր փոխարեն Արմավիրից Առաքել Մովսիսյանը պատգամավոր դառնա, իրեն պարտված չի զգա․ - «Էդի պարտվել չի: Էդի նույն մեր Հանրապետականին ա ձեն գալի: Ի՞նչ պարտվել․․․ Ով ինչքան կարա, մեր կուսակցության ձեն ա բերելու․․․ Ժողովուրդը ձեն տվեց՝ կանցնենք: Շմայսին ձեն տվեց, Շմայսը կանցնի, մենք էլ տաշի-տուշով Շմասին կուղարկենք ստեղ»:


Իսկ ընդհանուր առմամբ, Սարոյան փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն իրենց պարտության չի նախապատրաստել․ - «Սերժ Սարգսյանը պատերազմ անցած մարդ ա: Մենք երբեք պարտություններ չենք ունեցել, չենք էլ ունենա»: