Երևան-Մոսկվա հարաբերությունները վերջին շրջանում քննության ենթարկվեցին․ «Ստրատֆոր»

Վերլուծական կենտրոնի փորձագետների համոզմամբ, մինչ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը:

Հայաստանի առնչությամբ, փորձագիտական կենտրոնի վերլուծաբաներն արձանագրում են՝ «Մոսկվայից կախում ունեցող Ռուսաստանի դաշնակից երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում քննության ենթարկվեցին»:

«Չնայած Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը և երկրի տարածքում ռուսական հինգ հազարանոց ուժեղ զորախմբի առկայությանը, Մոսկվան շատ աննշմարելի աջակցություն է ցուցաբերում Երևանին՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում:

Երկու հարևաններին [Հայաստանին և Ադրբեջանին] բաժանող առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղն է՝ ռազմավարական, լեռնային ու անտառապատ մի շրջան, որը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի մասն էր կազմում: Այնտեղ, սակայն, բնակչության մեծ մասը հայեր էին, իսկ 1994 թվականի պատերազմի արդյունքում Ղարաբաղն անջատվեց Ադրբեջանից»,- գրում է «Ստրատֆոր»-ը:

Հակամարտության հետևանքով երկու երկրների միջև մինչև հիմա սահմանային փոխրաձգություններ են տեղի ունենում, նաև նշում են փորձագետները, ընդգծելով, որ անցյալ տարվա ապրիլին սրված «թշնամության ժամանակ» Ռուսաստանը չեզոք դիրքորոշում որդեգրեց, հիասթափեցնելով Հայաստանին՝ անվտանգությունը չապահովելու և քաղաքական աջակցություն չցուցաբերելու պատճառով:

Ամեն դեպքում, ըստ վերլուծական կենտրոնի փորձագետների, քանի որ Հայաստանն այընտրանքային գործընկերներ չունի, Երևանին ուրիշ ընտրություն չի մնում, քան Ռուսաստանի ռազամավարական գործընկերության պահպանումը: Եվ դա՝ վերջին շրջանում Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության աճի պայմաններում:

«Ստրատֆոր»-ը նշում է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանն ուժեղացրել է «գլխավոր դատավորի իր դիրքը», բխեցնելով՝ այդ դիրքով Մոսկվան ի զորու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործելու միջոցով երկու երկրներում իրացնել իր ռազմավարական շահերը:

«Ստրատֆոր»-ն, այնուհետև, շարունակում է․ Ադրբեջանը շատ շահագրգիռ է ԼՂ-ում ստատուս քվոն փոխելու հարցում և այդ նպատակով ձգտում է սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ, ցանկանալով կարգավորման վերսկսված բանակցությունների արդյունքում վերադարձնել տարածքները: Այս ձգտումը Ռուսաստանը կարող է խաղարկել իր օգտին՝ մեծացնելու համար Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությունը: Հայաստանն էլ ինքնուրույնաբար չի կարող «մեծ քայլեր» ձեռնարկել, հատկապես, որ իր սպառազինությունների ամենառազմավարական համակարգերը վերահսկվում են Ռուսաստանի կողմից:

«Մինչ հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը»,- նշված է «Ստրատֆոր»-ի`այսօր հրապարակած վերլուծությունում:

Կենտրոնի վերլուծաբանները համարում են, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը, նաև Եվրոպայում քաղաքական իրադրության փոփոխություններն ակտիվություն են առաջացրել եվրոպական աշխարհամասի սահմանագոտու երկրներում, որոնցից յուրաքանչյուրը միջազգային հարաբերություններում փորձում է վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ աշխարհաքաղաքական հրամայականերին և սեփական ազգային ռազմավարությանը համապատասխան:

Փորձագետները եզրակացնում են՝ եվրոպական սահմանագոտու խնդիրները հազարամյակի ընթացքում չեն փոխվել ու չեն փոխվում, քանի որ այդ երկրներում «սեփական ճակատագիրն իրենցից չի կախված, այլ պայմանավորված է դրսի ուժերի, շրջապատող մեծ երկրների ազդեցությամբ»: