Ապրիլի 2-ի խոհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, ով պարբերաբար խոսում է «արատավոր համակարգը փոխելու» անհրաժեշտության մասին, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընդգծել էր, այսօր իրեն թիրախավորել են, քանի որ իրենց դաշինքը միակ ուժն է, որը գտնվում է իշխանության վերահսկողությունից դուրս և գործում է ինքնուրույն:
«Ազատություն»․ - Իսկապե՞ս «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը լուրջ մտահոգություն է առաջ բերում իշխող Հանրապետականի մոտ:
Աշոտյան․ - Ոչ-իշխանական շատ ուժեր կցանկանային տարբերվել մնացած ոչ-իշխանական ուժերից, որպեսզի դիրքավորվեին գալիք ընտրարշավում իրենց համար ավելի շահեկան դիրքերից: Մեկը իրեն զոհի պիտակ է կպցնում, մեկը հեղափոխականի պիտակ է կպցնում, որպեսզի կարողանա տարբերվել ուրիշ քաղաքական ուժերից: Երբ որ հետևում եմ «Ֆեյսբուք»-ում քննարկումներին Սեյրան ՕՀանյանի հանրային ելույթներից հետո, մի ընդհանուր հոգոց կա՝ ափսո՛ս է գեներալը: Ես միանում եմ այդ հոգոցին՝ ափսո՛ս էր գեներալը:
«Ազատություն»․ - Նա ասում է, որ արատավոր համակարգ է ստեղծված, և պետք է փոխել այդ արատավոր համակարգը:
Աշոտյան․ - Չեմ պատրաստվում մեկնաբանել Սեյրան Օհանյանի առանձին վերցրած գնահատականները: Ես տալիս եմ իմ մարդկային ու քաղաքացիական գնահատականը, որը միացնում եմ տասնյակ հազարավոր քաղաքացիների գնահատականին:
«Ազատություն»․ - Գեներալն իրավունք չունի՞ քաղաքականությամբ զբաղվել․․․ Դրա համա՞ր է ափսոս:
Աշոտյան․ - Ես այդպիսի բան չասացի․․․ Չեմ ուզում որևէ մեկին պիտակավորել, բայց նույն այդ ուժի կողմից բազմաթիվ ստեղծված ֆեյքեր և, կներեք, կեղծ լրատվական կայքեր զբաղված են բացառապես Հանրապետականներին սևացնելով․․․ վիրավորանքներով և այլն: Կարծում եմ, չի կարելի դիմացինին քար նետել, եթե ինքդ ապրում ես ապակե տնակի մեջ: Այս ճշմարտությունը պետք է հասկանան բոլոր մրցակիցները, հատկապես մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են ինչ-որ մանիպուլյացիաների և «սև» արշավի մեջ․ բայց իրենք են դա անում մեծ ծավալով և՛ սոցիալական ցանցերում, և՛ համացանցում առհասարակ: Կարծում եմ, որ ազնիվ չէ: Խաբելու դարը չէ այսօր»:
«Ազատություն»․ - Չբացատրեցիք ամեն դեպքում, թե ինչու եք ափսոսում:
Աշոտյան․ - Ոչինչ: Թող մնա փոքրիկ առեղծված Ձեզ համար:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ վերջին օրերին իշխող Հանրապետականի ռեյտինգային ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուները ու նրանց օգտին աշխատող անձինք ծեծի են ենթարկել իրենց մրցակիներին: Ըստ մամուլի, մի դեպքում Հանրապետականի երկու թեկնածուների համակիրներն են միմյանց ծեծի ենթարկել, մյուս դեպքում Հանրապետականների թիրախում են հայտնվել Դաշնակցության օգտին աշխատողները:
Նկատենք նաև, որ մամուլի հրապարակումներում տեղ գտած միջադեպից հետո, Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպեց ռեյտինգային ցուցակով առաջադրված Հանրապետականի պատգամավորության թեկնածուներին:
Աշոտյան․ - Ձեր թվարկած միջադեպերը, իհարկե, տհաճ են: Ակնհայտ է, որ նոր համակարգը առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում, և ոչ բոլորը դեռևս ամբողջությամբ պատկերացնում են տեսության և պրակտիկայի համադրումը քաղաքական ընտրապայքարում: Կուսակցության ղեկավարության կողմից կա խիստ արգելք, կտրուկ հանձնարարական՝ կազմակերպել ընտրությունները և ընտրապայքարը բացառապես գործող օրենսդրության շրջանակներում:
Ի դեպ, այսօր հրավիրած ասուլիսում Արմեն Աշոտյանը պարզաբանեց Հանրապետականի նախընտրական նոր կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Ըստ Աշոտյանի, անվտանգության մարմնավորումը ի պաշտոնե իր կենսագրությամբ և իր ապրած կյանքով նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ առաջընթացի խորհրդանիշը նոր կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի:
Հանրապետականի փոխնախագահին հարցրեցինք, թե արդյոք իշխող ուժին հաջողվել է իրականություն դարձնել իրենց նախորդ կարգախոսները: Հիշեցնենք, 2008-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը մասնակցեց «Առաջ, Հայաստան», 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ «Հավատանք, որ փոխենք», իսկ 2013-ի նախագահականին ՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսներով:
Հանրապետականի ընդդիմախոսները հիշեցնում են, որ այս կարգախոսները լրիվ հակառակ տրամաբանությամբ են աշխատել․ առաջընթացի փոխարեն անցած 9 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 350 հազար մարդ, աղքատությունը աճել է, պետական պարտքը՝ եռապատկվել, ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք:
Ի պատասխան այս ամենին Արմեն Աշոտյանն ասաց, թե մարտի 5-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում կխոսեն, թե ինչ է հաջողվել իրենց անել անցած տարիների ընթացքում: Ապա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Օբամային նույնպես չի հաջողվել իր պաշտոնավարման ընթացքում որոշ նախընտրական խոստումներ կյանքի կոչել․ - «Օբաման էլ դա չարեց: Գուցե հիմա Թրամփն էլ չկարողանա ամբողջությամբ կյանքի կոչել այն․․․ Նախընտրական կարգախոսը կոնկրետ խոստում չէ․ դա նպատակ է, երազանք է, տեսլական, որին պետք է հասնել՝ լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, լինի Ազգային ժողովի․․․
«Ազատություն»․ - Դուք հասե՞լ եք:
Աշոտյան․ - Մենք կարող էինք ավելի լավ աշխատել, բայց մեզանից լավ ոչ ոք չէր կարող աշխատել: