Գիշերը ադրբեջանական կողմը առաջնագծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը տվել է զոհեր ու վիրավորներ, մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի։
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարում է, որ արևելյան ուղղությամբ նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է: «Իրավիճակը այս պահին վերահսկելի է, և Պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Ճիշտ է, կրակոցներ, խախտումներ կան, բայց սա արտառոց, էսպես ասած, զարգացումներ չեն: Նույնիսկ այս դիվերսիոն ներթափանցման փորձը արտառոց բան չէ մեր սահմանում՝ ամեն օր, ամեն վայրկյան ստիպված ենք դրա հետ առնչվել», - ընդգծեց նա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հաստատել է գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կողմն է հարձակման փորձ ձեռնարկել՝ Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ «շահեկան դիրքեր գրավելու համար», որն իբր հետ է մղվել։
Ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է՝ սա իրականության հետ որևէ աղերս չունի, միաժամանակ հարցնելով․ - «Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»:
Վերջին օրերին սահմանային սրացումները Դավիթ Բաբայանը պայմանավորում է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղում շաբաթասկզբին անցկացված սահմանադրական հանրաքվեով, որքան՝ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներով․ - «Երբ որ Մեհրիբան Ալիևան արդեն նշանակվեց առաջին փոխնախագահ, սա, գիտե՞ք, արդեն իսկ ագրեսիայի նոր դրսևորում պետք է լինի սրա տակ, ինչի՝ որովհետև մահմեդական և արևելյան երկրում երկրի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը այդ քայլով կասկած է առաջացնում, որ ինքը, էսպես, ռուսերեն ասած՝ «պոդկաբլուչնիկ» է, և որպեսզի ցույց տա, որ ինքը «պոդկաբլուչնիկ» չէ, այլ՝ հզոր զորավար է, գերագույն գլխավոր հրամանատարն է, խան է, պետք է դիմի ագրեսիվ գործողությունների»:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճի մասին անցած վերջերս երկու անգամ խոսեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Անցած շաբաթ օրը՝ Երկրապահ կամավորականների միության համագումարին, իսկ երկուշաբթի՝ պաշտպանության նախարարություն այցի ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շրջանում Ադրբեջանը կարող է նոր սադրանքների դիմել:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ապրիլյան ընտրություններից բացի, Ադրբեջանը կարող է ակտիվանալ նաև մայիսյան տոներին:
«Ես ուզում եմ մի բան ասել՝ որ մենք ադրբեջանական ժողովրդին որպես թշնամի չենք ընդունում, Ադրբեջանի իշխանություններն են դարձրել այդ ժողովրդին զոմբիացված և արկածախնդրության են գնում, այդ ժողովրդի ճակատագրի հետ են խաղում: Բայց եթե հանկարծ ալիևյան կլանը որոշեց արկածախնդրության դիմել և հարձակվի մեզ վրա, ապա այստեղ լինելու է միայն երկու ելք՝ հայկական բանակը, ուրեմն, Բաքվում մեծ ռազմաշքերթ է կազմակերպելու, կամ երկրորդը՝ ռազմաշքերթ կազմակերպելու է Ստեփանակերտում, բայց մենք նաև այդ ռազմաշքերթին հազարավոր ադրբեջանական գերիներ ենք ցուցադրելու՝ Ալիևի և Մեհրիբանի գլխավորությամբ, այ սենց Ստեփանակերտի փողոցներում, միգուցե Շուշիից կիջնեն Ստեփանակերտ կամ հակառակը: Ուրիշ տարբերակ չկա», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Հետևաբար, կրկնում եմ՝ մենք չենք պայքարում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, մենք նրան թշնամի չենք ընդունում, թշնամին հենց Ալիևն է, իր կլանը, որոնք այդ ժողովրդին հասցրել են այն իրավիճակին, որում նա հիմա գտնվում է», - ասաց Դավիթ Բաբայանը: