ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններում առաջադրված բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստի օրակարգում այսօր երկու հարց կար՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցում և նրանց հերթական համարների տրամադրում։ Հանձնաժողովը գրանցեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին ու նրանց կողմից ներկայացված անձանց։ Առարկություն եղավ միայն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկու թեկնածուների՝ Վլադիմիր Առաքելյանի և Սամվել Մելիքյանի դեպքում, ովքեր փաստաթղթերը ժամանակին չէին ներկայացրել։ Պատգամավոր դառնալ ցանկացող 1538 քաղաքացիներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1531-ին գրանցեց։

«Համապետական ցուցակներում՝ բոլորում միասին նկատի ունեմ, ընդգրկված քաղաքացիներից չորսը ներկայացրել էին դիմում, որպեսզի իրենց թեկնածությունն ըստ էության չքննարկվի, մինչ գրանցումը մահացել էր առաջադրված քաղաքացիներից մեկը, և երկու քաղաքացու պարագայում կատարվեց գրանցման մերժում։ Նշված թվերը վերաբերում են համապետական ցուցակի առաջին մասին և տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին, այսինքն՝ այս թվի մեջ չեն ներառվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական ընտրական ցուցակների երկրորդ մասում», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումից հետո «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ձայնի իրավունք խնդրեց ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտնեց՝ որոշ թեկնածուներ իրենց աշխատողներին ստիպում են փոխել գրանցման վայրը, որպեսզի հենց իրենց օգտին քվեարկեն։ Նա ԿԸՀ նախագահին հորդորեց հանդես գալ հայտարարությամբ և ընտրողներին պարզաբանել, թե նրանք ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

«Կխնդրեի, որպեսզի ձեր հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ, ինչպես նաև ընտրողներին պարզաբանի ու պաշտոնապես տեղեկացնի, որ ընտրողի ազատ կամաարտահայտությանը խոչընդոտել՝ դա քրեորեն պատժելի արարք է, որպեսզի այդ նույն գործարար թեկնածուները նույնպես տեղեկացած լինեն, որ իրենք, իրենց կողմնակիցները թույլ են տալիս քրեորեն պատժելի արարք, և քաղաքացիները իմանան, որ կարող են դիմել ձեզ՝ օգնության համար, խնդրին իրավական ընթացք տալու համար», - ասաց Հովակիմյանը:

Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, թե «Ելք» դաշինքի ներկայացուցչի հայտարարությունը օրակարգային հարցերին չի վերաբերում, և խնդրեց թույլ տալ նիստը շարունակել։ Հովակիմյանը նկատեց՝ հարցն այն թեկնածուներին է վերաբերում, որոնք քիչ առաջ արդեն պաշտոնապես գրանցվեցին։

«Ձեր բարձրացրած հարցը չի վերաբերում ո՛չ առաջին հարցին, ո՛չ երկրորդ հարցին, դրա համար խնդրում եմ նստե՛ք, թո՛ւյլ տվեք շարունակենք», - ասաց ԿԸՀ նախագահը: «Պարո՛ն Մուկուչյան, ես ունեմ խորհրդատվական ձայնի իրավունք և տվյալ դեպքում․․․», - փորձեց հակադարձել Հովակիմյանը, ինչին Մուկուչյանը արձագանքեց․ - «Պարո՛ն Հովակիմյան, յուրաքանչյուր ձայնից օգտվում են սահմանված կարգով։ Ես ընդամենը օրենքի մեկ հոդված կընթերցեմ, որպեսզի ավելորդ տարընթերցում չառաջանա: Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի երրորդ մասն է․ - «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքում հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից ժամանակավոր դուրս գալու մասին՝ նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընտրողների տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրողների տեղամասի ընտրական ցուցակներում»:

Օրակարգային երկրորդ հարցով կուսակցությունների ներկայացուցիչները վիճակահանությամբ որոշեցին այն համարները, որոնցով հանդես կգան ընտրությունների ժամանակ։ Առաջին համարի ներքո «Ելք» դաշինքն է, երկրորդը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, երրորդը՝ «Հայկական վերածնունդ»-ը։ Չորրորդ համարի ներքո «Ծառուկյան դաշինքը», հինգերորդի ներքո՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես կգան։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը վեցերորդն է, Կոմունիստական կուսակցությունը՝ յոթերորդը։ Ութերորդ համարի ներքո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, իններորդը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է։

«Մինչև քվեարկության, ըստ էության, ավարտ, մինչև արդյունքների ամփոփման վերջ այդ թվերը փոփոխվել չեն կարող: Եթե անգամ որևէ կուսակցության կողմից ներկայացվում է ինքնաբացարկ, միևնույն է՝ հերթական համարների փոփոխություն տեղի չի ունենալու», - հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

Նիստի վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողը որոշեց էլեկտրոնային եղանակով քվեարկողներին ծածկագրեր տրամադրելու հարցը։ Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն արտերկրում աշխատող՝ դիվանագիտական ծառայություն անցնողներն ու նրանց ընտանիքի անդամները, ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, նաև՝ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող անձինք։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կմասնակցի 877 քաղաքացի։