Վարչապետ․ «Վրաստանի հետ պայմանավորվել ենք՝ Լարսին այլընտրանք լինելու է»

Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Թբիլիսիում, 23-ը փետրվարի, 2017թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսի այցի ժամանակ իր վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ պայմանավորվել է Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցում։ «Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի», - ասել է Կարապետյանը։

Հայաստանի վարչապետն իր այցն արդյունավետ, ջերմ և կառուցողական է համարել ու նշել, որ ամբողջովին իրականացրել է այն ծրագիրը, որով Վրաստան էր այցելել։

Կարապետյանն ասել է նաև, որ Հայաստանը 20-30 տարի հետո տեսնում է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը։