Թբիլիսիում Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե հետաքրքրված է, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն որպես երկիր, որտեղ կարելի է ներդրումներ անել, այցելել որպես զբոսաշրջիկ:
Նա ասել է, որ գործարարների համար առաջարկ կա՝ հանդիպելու, ծանոթանալու Վրաստանի և Հայաստանի շուկաների հնարավորություններին:
Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ Հայաստանի վարչապետը հետաքրքիր առաջարկներ ունի տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նա նշել է, որ վրացական կողմը պատրաստ է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ, խրախուսել երկու երկրների մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին:
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, ինչը կարող է խորացնել նաև տարածաշրջանային համագործակցությունը:
Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ վարչապետների հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչի հետ կապված նշվել է, որ խաղաղության և կայունության պահպանումը հատուկ նշանակություն ունի երկու երկրների զարգացման համար:
Երեկ ավելի ուշ Հայաստանի վարչապետին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հայաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ Վրաստանի հիմնական գործընկերների առաջին տասնյակի երկրներից մեկը: 2016 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալները կազմել են 367 միլիոն դոլար՝ դա Վրաստանի արտաքին առևտրի ծավալի 3 տոկոսն է կազմում:
Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի մեկնարկը Երևանում նշվում էր, որ Թբիլիսիում քննարկվելու են նաև դեպի Ռուսաստան ցամաքային նոր ուղու հնարավորության հարցերը, ինչը այլընտրանք կլինի Լարսի ճանապարհին: Մասնավորապես, հինգշաբթի օրը տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին ասել է, թե, բնականաբար, կքննարկվի Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի տարբերակ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նա միաժամանակ նշել է, որ հարցը բավականին զգայուն է և գտնվում է ռուս - վրացական հարաբերությունների տիրույթում, իսկ Հայաստանը կարող է միայն օժանդակություն ցուցաբերել: