Կաթնաղբյուրում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար վաղուց ոչ ոք չի դիմում

Ընդհանուր առմամբ, Լոռու մարզի դպրոցներում շուրջ 200 ուսուցչի կարիք կա:

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում ուսուցչի թափուր աշխատատեղերը երկար ժամանակ է չեն լրացվում: Դպրոցի տնօրեն Աննա Մակարյանի խոսքով՝ 2012 թվականից պարբերաբար մրցույթներ են հայտարարվում, սակայն, օրինակ՝ քիմիայի ուսուցչի տեղի համար այդպես էլ ոչ ոք չի դիմում: Արդեն երկու տարի է՝ թափուր են նաև ռուսաց լեզու, մաթեմատիկա, պատմություն, ֆիզկուլտուրա առարկաների ուսուցիչների և դասվարի տեղերը:

«Ծայրահեղ դեպքում թափուր ժամերը հատկացվում են մեր տեղացի մանկավարժներին: 40 տարվա, 30 տարվա, որ արդեն թոշակառուներ են, նրանք են պարապում»,- ասում է Կաթնաղբյուրի դպրոցի տնօրենը: Ընդհանուր առմամբ, Լոռու մարզի դպրոցներում շուրջ 200 ուսուցչի կարիք կա:

Նախորդ ամիս վարչապետ Կարեն Կարապետյանը Վանաձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին խորհուրդ տվեց քայլեր ձեռնարկել՝ համոզել ուսուցիչներին, որ գան աշխատեն գյուղերում: «Եթե այստեղ ավելցուկ ունեք, ինչո՞ւ այդ ավելցուկին չեք ուզում մի քիչ վճարելով, կրճատելով, օպտիմալացման ծախսեր նվազեցնելով, ասել՝ գիտե՞ս ինչ, ուզում ես աշխատես՝ պիտի գնաս կողքի գյուղում մաթեմատիկայի դաս տաս»,- ասել էր վարչապետը:

Մինաս Սայադյանից փորձեցինք ճշտել, թե այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկել մարզում ուսուցիչների թափուր աշխատատեղերը լրացնելու համար: Սայադյանը պատասխանեց, թե մեկ ամիսը բավական կարճ ժամանակ է՝ հաջողություններ արձանագրելու համար: Նա, միևնույն ժամանակ, շեշտեց՝ ուսուցիչները պարզապես չեն ցանկանում գյուղերում աշխատել:

«Եթե ռեալ տրամաբանությունից ենք ելնում, եթե ամուսիններ են, մասնագետներ են և աշխատանք չունեն, ուղղակի պետք է ինչ-որ տեղ նաև իրենք կարողանան իրենց մեջ վճիռ կայացնել, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ՝ գնալ երկուսով էլ աշխատել, ստանալ աշխատավարձ, աստիճանաբար տնտեսություն ստեղծել, քան մնալ Վանաձորում և ունենալ գործազուրկի կարգավիճակ»,- ասաց Սայադյանը:

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորություն չունեն»,- ասում է մարզպետարանի վարչության պետն ու հավելում՝ «Մշտական բնակություն հաստատելու ցանկության դեպքում մասնագետները կստանան գյուղապետի, դպրոցի տնօրենի աջակցությունը»:

Կաթնաղբյուրի գյուղապետ Արթուր Սավթալյանն էլ ասում է, թե ուսուցիչներին աջակցում են՝ երբեմն նրանց փոխարեն վճարելով տան վարձը: «Եթե վարձով տանն են մնում, երբեմն օգնում ենք տան վարձը փակելու համար: Ձմռանը, եթե վառելիքի կարիք ունենում են, էդ վառելիքի հարցում ենք աշխատում օգտակար լինել»:

Մանվել Վարդերեսյանը Վանաձորցի է, արդեն 6 տարի է աշխատում է Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցում: Գյուղում վարձով է բնակվում, ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով երբեմն նույնիսկ հանգստյան օրերին չի կարողանում Վանաձոր վերադառնալ: Ուսուցիչը դժգոհում է՝ աշխատավարձի զգալի մասը ճանապարհածախսին է հատկացնում, պետությունն էլ ոչնչով չի աջակցում:

«Պետական ոչ մի աջակցություն չկա, ինչու՞ եմ սա շեշտում, որովհետև եթե մարդը 120 կմ ճանապարհ գնում-գալիս է և իր գրպանից է վճարում, բացի դրանից տան վարձ է տալիս, սննդի հարցեր է լուծում, այն էլ տղամարդը, պատկերացրեք նրա վիճակը, ամբողջ աշխատավարձի մեծ մասը՝ 70-80 տոկոսը գնում է էդ ծախսերին»,- ասում է Մանվել Վարդերեսյանը:

Գյուղացիներն էլ իրենց հերթին են մատնանշում Կաթնաղբյուրում ապրելու դժվարություններն ու հատկապես շեշտում միջհամայնքային ճանապարհի անմխիթար վիճակը, ինչի պատճառով մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս գյուղից, իսկ տաքսիներից օգտվելու դեպքում էլ «կրկնակի թանկ են վճարում»: «Ամբողջ գյուղը, ասենք ջահելությունը, թեկուզ մեծերն էլ, ամբողջ ձմեռ պարապ ֆռռում են, ոչ մի բան չունեն անելու: Ասենք հա, անասունն ա մի ժամ-երկու ժամ, էդ զբաղմունքը անցավ ու վերջ, բա մնացած ջահելությու՞նը»:

Կաթնաղբյուրի դպրոցի տնօրենը կարծում է՝ եթե միջհամայնքային ճանապարհը բարեկարգ լիներ, իրենք մասնագետի խնդիր չէին ունենա: