ՀՀ ԱԳ փոխնախարարը զավեշտ է որակում եվրախորհրդարանականների դեմ քրգործը Ադրբեջանում

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Վաղուց արդեն Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ իրենց նույնիսկ ներքին կյանքը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության վերջին որոշումներին վերաբերող հարցին:

«Այսօր ես հրաժարվում եմ մեկնաբանել, դա ուղղակի զավեշտ է, և բնականաբար որևէ ձևով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», - շեշտեց Հայաստանի ԱԳ փոխնախարարը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ինտերպոլով միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար: Նրանց դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ բազմիցս «ապօրինի այցելելու» համար, և ադրբեջանական դատարանը երեք եվրախորհրդարանականներին կալանավորելու որոշում է ընդունել, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նաև Լեռնային Ղարաբաղի Ազոխի քարանձավում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի Բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտող Ֆերնանդես Խալվոյի, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգի և Լոնդոնի Բնագիտության թանգարանի գիտաշխատող Փիթեր Էնդրյուի կողմից 2002 թվականից իրականացվող հնագիտական պեղումների կապակցությամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ