Քաղաքացին բողոքել է, որ ԴԱՀԿ աշխատակիցները առանձնապես խոշոր չափերի գումար և ոսկեղեն են գողացել

Հատուկ քննչական ծառայությունը այսօր (ՀՔԾ) հաղորդում է, որ մեկ շաբաթ առաջ վարույթ է ընդունել կատարողական գործողությունների իրականացման ընթացքում արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Շ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 22.12.2016թ.-ին ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարող Արթուր Մ.-ն պահանջատեր Աղաջան Ս.-ի և երեք բանվորների մասնակցությամբ կազմակերպել է Գյումրի քաղաքում գտնվող իր տան սենյակն ապօրինի տիրապետությունից հետ վերցնելու կատարողական գործողությունները, որի ժամանակ տեղահանվել է Գայանե Շ.-ին պատկանող գույքը: Վերջինիս հաղորդման համաձայն` կատարողական գործողություններն իրականացնող հիշյալ անձինք, օգտվելով իր բացակայությունից, հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության` 90 գրամ քաշով ոսկյա զարդերը»:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով («գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է: