Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումները պատրաստ կլինեն 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Այդ մասին Թեհրանում լրագրողներին ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ նշելով, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել են Հյուսիս-Հարավ երկու էներգամիջանցքների հետ կապված հարցեր:
Երկրորդ միջանցքը նախատեսվում է ստեղծել Ադրբեջանի տարածքով: Նովակն ասել է, թե պայմանավորվել են, որ մասնագետները մարտի կեսերին կհանդիպեն՝ քննարկելու ծրագրի մշակման և իրականացման տեխնիկական խնդիրները:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը նշում է, որ Հյուսիս-Հարավ էներգամիջանցք ստեղծելու մեկնարկը տրվել է 2015-ի դեկտեմբերին, 2016-ի ապրիլին Երևանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրել են ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիրը:
Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթ է հայտարարել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսքագծի և տրանսֆորմատորային կայանի կառուցման համար, և միջազգային մի շարք հայտնի էներգետիկ ընկերություններ արդեն հայտեր են ներկայացրել:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարը Իրանի հարավում մասնակցել է «Սիրիք» ջերմակայանի հիմնարկեքի արարողությանը: Շինարարության հիմքի առաքին քարը դրել են Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները:
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Նովակն ասել է, թե Իրանը պլանավորում է շատ էլեկտրակայաններ կառուցել, զանգվածային կառուցումներ կատարել, և Ռուսաստանը կարող է ստանալ դրանց պայմանագրերի զգալի մասը: Նրա փոխանցմամբ՝ Իրանը տնտեսական բարձր աճ է կանխատեսում՝ տարեկան 8 տոկոսի սահմաններում: