«Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնեական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու: Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու, և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են», - այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի ղեկավար սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք որպես պետություն ունակ ենք կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու ենմեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը», - հայտարարել է նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայուն է, և որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան՝ դրանք չեն խաթարելու հանրային անդորրը:
Կարևորն, ըստ նախագահի այն է, որ հայկական Զինված ուժերը պատրաստ լինեն նախընտրական շրջանում Ադրբեջանի աշխուժացող սադրանքներին դիմակայելուն: Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ՝ նման վարքի ախտորոշումն արդեն նկատելի է:
Երկու օր առաջ Երկրապահ կամավորականների միության հերթական համագումարի ժամանակ, հիշեցնենք, երկրի նախագահն ասել էր․ - «Ադրբեջանում ոմանք պատրանք ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար, իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն»:
Ըստ էության արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման Հայաստանը զրկված է բարգավաճման որևէ հեռանկարից՝ այսօր Սարգսյանը հայտարարել է, որ նման մոտեցումն անընդունելի է, իսկ ազգային անվտանգության ու երկրի պաշտպանության վրա ուղղակի ազդում է թերի կառավարումը․ - «Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են»:
Անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններին՝ նախագահը տեղեկացրել է, որ որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չի տեսնում․ - «Մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում»:
«Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք: Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը «ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նախագահը նշել է, որ ռազմական դաշինքի շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ ու ելույթներ, որոնք իրենց սրտով չեն, բայց դրանք չեն կարող հիմք հանդիսանալ այդ կառույցից դուրս գալու համար․ - «Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա: Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»: