Վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը, զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Այս մասին ասվում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։
Ռազմական խնդիրներով, մասնավորաբար՝ սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցի փաստաթղթում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն: Այդպիսով Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ծավալների չորս տոկոսը:
Այդ ցանկում առաջին հորիզոնականում Հնդկաստանն է՝ 38 տոկոս ծավալով, որին հաջորդում են Վիետնամը, Չինաստանը, Ալժիրը:
Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինությունների գլոբալ արտահանման գործում վերջին տարիներին կազմել է 23 տոկոս։
Զեկույցը փաստում է, որ 2012-2016 թվականին աշխարհում զենքի Խոշորագույն մատակարարները շարունակում են մնալ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Առաջատարների հնգյակում նրանց հաջորդում են Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:
Այս երկրներին նշված ժամանակահատվածում բաժին է ընկել զենքի արտահանման ընդհանուր ծավալի 74 տոկոսը:
Ամերիկյան զենքի հիմնական գնորդները, ըստ զեկույցի հեղինակների, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ու Թուրքիան են. այս երկրները, ներառյալ Վաշինգտոնը, ընդհանուր առմամբ զենք է մատակարարում առնվազն 100 երկրների: Արտահանվող ամերիկյան սպառազինությունը, ըստ փաստաթղթի, նախորդ հնգամյակի համեմատ աճել է 21 տոկոսով: Ողջ ծավալի գրեթե կեսը ուղարկվել է Մերձավոր Արևելք։
Ինչ վերաբերում է զենքի խոշորագույն ներկրողներին՝ ապա վերջին հինգ տարիներին այդ ցանկը գլխավորում է Հնդկաստանը, որին բաժին է հասնում ռազմական մատակարարումների համաշխարհային ծավալի 13 տոկոսը:
Մասնագետները ռազմական մատակարարումների աճ են նկատել Ասիայում, Օվկիանիայում, Մերձավոր Արևելքում: Հակառակ միտումն է արձանագրվել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում: Այդուհանդերձ, զեկույցը փաստում է, որ 2004 թվականից աշխարհում վաճառքների ծավալն անշեղորեն աճել Է. վերջին հնգամյակում 2007 - 2011 թվականների համեմատությամբ ավելանալով 8,4 տոկոսով: Ընդ որում՝ վերջին հինգ տարիները ամենաբարձր ցուցանիշներով են նշանավորվել Սառը պատերազմի ավարտից ի վեր:
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները զեկույցում հաշվի են առել միայն սպառազինության մատակարարման ընդհանուր ծավալները՝ միտումնավոր շրջանցելով գործարքների ֆինանսական կողմը: Վերլուծաբանների կարծիքով՝ ֆինանսական ցուցանիշները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կարող են կեղծվել պետությունների կողմից։