Նալբանդյան․ «Բոլոր փաստաթղթերում ամրագրված է ղարաբաղյան կողմի մասնակցությունը համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին»

Առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ, ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և հավելել, որ սա շատ լավ հասկանում ու այս մասին բարձրաձայնում են միջնորդները:

«Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է՝ իբր թե չեն հասկանում, գլուխները ավազի մեջ են մտցնում։ Թեև բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որ քննարկվել են վերջին տարիներին ամրագրված է ղարաբաղյան կողմի մասնակցությունը համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին», - նշել է նա:

Նալբանդյանի փոխանցմամբ, տարածաշրջան կատարած այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են «չճանաչված հանրապետության» ղեկավարության հետ։

«Լեռնային Ղարաբաղը ռեալ ընդգրկված է բանակցային գործընթացում, սակայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով չկան ուղիղ բանակցություններ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ռուսական գործակալությանը տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է նաև, որ Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից։

Ապրիլին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բանակցում է Մոսկվայի հետ նոր սպառազինություն և պաշտպանական նորագույն համակարգեր գնելու շուրջ։

«Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում նաև փոխգործակցելով Հայաստանի հետ, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու համար», - նշել է նա:

Հայաստանն իր հերթին, Նալբանդյանի փոխանցմամբ, ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։

«Ինչ վերաբերում է սպառազինության մրցավազքին՝ Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ մեծախոսում է իր ռազմական բյուջեով գնվող զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է միջազգային նորմեր։ Ինչի է դա բերում՝ մենք ականատես եղանք անցած տարի ապրիլին», - ասել է Նալբանդյանը: