«Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի ղեկավար կազմի հետ այսօրվա հանդիպման ժամանակ:
«Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր և ձեր ընտանիքների համար»:
Նպատակն է` կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները
«Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ», - նշել է Սերժ Սարգսյանը:
«Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: <...> Այսպիսով մենք բացառել ենք <...> Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է», - հայտարարել է նախագահը և հավելել․ - «Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու և եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից: Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու: Ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել և փայփայել իր անփոխարինելի և սիրելի զավակին՝ հայկական բանակին»:
«Համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ»
Խոսելով «գալիք երկու-երեք ամիսների մեր հարցերի մասին»՝ Սարգսյանը ասել է․ - «Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են»:
«Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը», - նշել է նախագահը՝ հատուկ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական»․ - «Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու: Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:
«Մենք՝ որպես պետություն, ունակ ենք կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը: Ավելին, վստահ եմ, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները», - հայտարարել է նախագահը:
«Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն: Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր», - ասել է Սերժ Սարգսյանը:
Ղարաբաղյան բանակցություններում «ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չեմ տեսնում»
Անդրադառնալով տարածաշրջանի հարցերին՝ Հայաստանի նախագահը հայտարարել է․ - «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է»:
«Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում և այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ և միջազգային հանրությանը», - ասել է Սարգսյանը՝ հավելելով․ - «Այդ քարոզչական հնարքները սին են և դատապարտված են ձախողման: Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք և ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար:»
«Այո՛, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց և հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց», - նշել է նախագահը:
Նա ընդգծել է՝ հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում․ - «Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»:
«Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք: Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ «ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար»․ - «Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»:
«Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը»
Գլոբալ մակարդակում, ասել է նա, Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման և միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում, ինչի վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։
«Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորած ռազմական դաշինքը: Այն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ, քանի որ հայ և ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում: Այնուամենայնիվ, որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա: Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում», - հայտարարել է նախագահը:
Նա նաև նշել է․ - «Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»:
«Միաժամանակ, մենք շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Վերջին շրջանի ուրախալի լուրերից մեկն էր Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս ուղղությամբ զարգացումներին: Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները՝ պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները», - ասել է նախագահը:
«Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով, անշուշտ, կարծում եմ՝ բոլորիս են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը: