Արդեն 10 տարուց ավելի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Այս օրը գրախանութներ, գրադարաններ, դպրոցներ ու թանգարաններ են այցելում նաև հայ ժամանակակից գրողները, մասնակցում կազմակերպված միջոցառումներին, իրենց գրքերը նվիրում ընթերցողներին:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հրատարակիչների ազգային ասոցիացիան գրքի ցուցահանդես է բացել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 22-ը։ Այս հնգօրյա ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ, կներկայացվեն նաև վերջին տարիներին հրատարակված գրքերը:
Գիրք նվիրելու օրը սիրելի է դարձել բազմաթիվ համաքաղաքացիների, հատկապես երիտասարդների համար։ Նրանք երեկ գրախանութներից դատարկ ձեռքով տուն չէին վերադառնում։ Քանի որ այս տարի փետրվարի 19-ը կիրակի էր, գիրք նվիրելու օրվա պաշտոնական միջոցառումներն ու հանդիպումները դպրոցներում և գրադարաններում գրողների հետ տեղի կունենան այսօր՝ փետրվարի 20-ին։
Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Եթե հիշենք մեր աշխարհի մեծագույն գրողներից մեկի՝ Լուիս Բորխեսի խոսքը, նա ասում է՝ «ես ավելի շատ ուրախանում եմ ոչ թե իմ գրած գործով, այլ իմ կարդացած նոր գրքով»։ Ընթերցանությունը իհարկե մեծ ուրախություն է, աշխարհի գաղտնիքների հետ հաղորդվելու հսկա հնարավորություն է, և ես կարծում եմ, որ ընթերցանության այդ գաղտնիքը մենք պետք է փոխանցենք մեկս մյուսին։ Ոչ թե դա գիտելիքներ հաղորդելու, ինֆորմացիա հաղորդելու միջոց է միայն, իհարկե՝ գիրքը գեղարվեստական ինֆորմացիա հաղորդում է, բայց նաև հսկայական գիտելիքներ, այսպես թաքնված ապրումներ, անգամ մարդուն անծանոթ ներքին աշխարհներ է բացում, որ որևէ մեկը երևի չէր պեղել՝ գիտենալու իր մեջ կա՞ն այդպիսի հնարավորություններ»: