Այսօր Բելառուսի Հոմել քաղաքում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով գործազուրկներն հարկելու օրենքի դեմ: Ցույցը իշխանությունների կողմից արտոնված չի եղել: Երկու օր առաջ՝ փետրվարի 17-ին մոտ 2 հազար մարդ ցույց էր արել մայրաքաղաք Մինսկում:
Շուրջ 6 հազար մարդ է ստորագրել օրենքին ընդդիմացող հանրագիրը: Ըստ օրենքի, մարդիկ ովքեր տարեկան 183 օրից պակաս են աշխատել, պետք է 200 դոլար հարկ վճարեն: Այդպիսով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, պայքարելու են «հանրային պորտաբուծության» դեմ:
Օրենքը չի տարածվում գրանցված գործազուրկների, տնայնագործների, ֆերմերների և նրանց վրա, ովքեր աշխատում են Ռուսաստանում: Պաշտոնական տվյալներով, օրենքը տարածվելու է մոտ 430 հազար մարդու վրա: Նրանց միայն 10 տոկոսն է առայժմ վճարել այս հարկը: