Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Հանրապետականի ցուցակում հայտնվել է սկզբունքներից դրդված․ իր խոսքով՝ «ճանապարհ կարող է գնալ միայն պետականամետ կուսակցության հետ»:
Խորհրդարանական նախորդ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակով պատգամավոր դարձած կուսակցությունից Ախոյանը դուրս եկավ 2015-ի փետրվարին իշխանափոխության մասին Ծառուկյանի հայտարարություններից հետո՝ անթույլատրելի համարելով մասնակցել «ներքաղաքական լարման տանող գործընթացներին»:
Այժմ ընտրապայքարի մեջ կմտնի Արագածոտնում՝ ունենալով ՀՀԿ-ի աջակցությունը:
«Ազատությունը» փոքրիկ հարցազրույց անցկացրեց Արագած Ախոյանի հետ:
«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստանը», Ձեր կարծիքով, պետականապետ չէ՞:
Ախոյան․ - Չէ: Ընդդիմադիր ա, ասում են:
«Ազատություն»․ - Օրինակ, Դաշնակցությունն էլ է իշխանության մաս կազմում, ինչո՞ւ Դաշնակցության ցուցակով չգնացիք:
Ախոյան․ - Գիտեք, դա էլ իմ որոշում է: Ես շատ եմ հարգում Դաշնակցական կուսակցությանը ընդհանրապես: ԲԱյց բաներ կա, որոնք էլի, ասենք, հոգեհարազատ չեն: Եվ դրա համար որոշեցինք լինենք Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում:
Նախկին ԲՀԿ-ականներ Հանրապետականի ցուցակում էլի կան՝ Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը:
Տարիներ շարունակ ՀՀԿ-ականների դեմ առաջադրվող Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզում կլինի Հանրապետականի թեկնածուն: Ընդ որում, կպայքարի «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի դեմ:
«Ծառուկյան» դաշինքում նաև 2008 թվականին նախագահի թեկնածու առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ կան՝ մայրաքաղաքի Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մոտ 3 տարի անազատության մեջ անցկացրած Մուշեղ Սաղաթելյանը:
Քաղաքականություն վերադարձած Ծառուկյանի ղեկավարած դաշինքով Արմավիրի մարզում առաջադրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Հարցին, թե ինչո՞ւ հենց այդ դաշինքով, Հակոբյանը պատասխանեց, որ իր 5 մտերիմները անցած տարվա դեկտեմբերին հարցում են անցկացրել ընտրողների շրջանում, և ամենաշատը Ծառուկյանի անունն են տվել, նրան են վստահում: Եթե հարցումները ցույց տային, որ ՀՀԿ-ն է վայելում ժողովրդի վստահությունը, ՀՀԿ-ի հետ կգնար, եթե ՀԱԿ-ը՝ ՀԱԿ-ի:
«Եթե հարցումները ցույց տային, որ Հայ ազգային կոնգրեսը վայելում է մեր մարզի ազգաբնակչության մեծամասնության համակրանքը, այո՛, ես կգնայի, կխնդրեի, որ ես խնդրում եմ ինձ ռեյտինգային կարգով ընդգրկել ձեր ցուցակներում», - ասաց նա:
Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած Հակոբ Հակոբյանն ասում է, որ պատգամավոր դառնալու դեպքում ֆիլմարտադրությունից չի հրաժարվի: Երեք սցենար էլ ունի՝ կոռուպցիայի, հայ-ադրբեջանական հակամարտության և ևս մեկը ցեղասպանության մասին․ - «Չեմ դադարեցնելու, որովհետև դա, ես կարծում եմ, մնայուն արժեք է և կմնա սերունդներին»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը «Ծառուկյան» դաշինքում է հայտնվել «չգնահատված լինելու» պատճառով:
Նրա խոսքով, հեռուստատեսությամբ լսել է, որ իր անունը չկա ՀՀԿ տարածքային ցուցակում, որոշել է իր ծրագրերի մասին պատմել «Ծառուկյան» դաշինքին:
Հարցին, թե արդյոք իր ծրագրերը ներկայացրել է Հանրապետականին, Մանուկյանը պատասխանեց․ - «Վաղուց էի ներկայացրել: Չպատասխանեցին, չէին նայել»:
Խաչիկ Մանուկյանը, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Կուսակցության կենտրոնական գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ դիմումը բավարարել են: