Ռադիոյի, ինտերնետի, պոդկաստների և առհասարակ ամերիկյան լրատվության ապագայի շուրջ «Ազատությունը» զրուցել է ամերիկացի ռադիոլրագրող, պրոդյուսեր Սյուզան Դեյվիսի հետ:
«Ազատություն»․ - Դուք ռադիոհեռարձակման ոլորտում եք ավելի քան 20 տարի: Ի՞նչ կարող եք ասել՝ ի՞նչն է փոխվել այս ընթացքում ռադիոյի ոլորտում: Սովորաբար՝ այն ինչ տեղի է ունենում ամերիկյան մեդիա ոլորտում մի քանի տարում հասնում է նաև մեզ մոտ: Եվ այս հարցով ես նաև փորձում եմ հասկանալ, թե ինչպիսի՞ն է ռադիոյի ապագան այստեղ՝ Հայաստանում:
Սյուզան Դեյվիս․ - Կարծում եմ ռադիոյի ոլորտում ամենամեծ փոփոխությունը ռադիոլսողի, լսարանի վերաբերմունքն է եթերային ձայներին: Ինչ նկատի ունեմ․ ամերիկյան հասարակությունը շատ բաց է իր պատմության, իր անցյալի, իր դավանանքների մասին խոսելու հարցում: Եվ մարդիկ ուզում են ամեն ինչ իմանալ ռադիոհաղորդավարի մասին, և ինչ-որ առումով այժմ ընդունված է, որ լրագրողը, անգամ հետաքննող լրագրողը խոսի իր մասին, և անգամ փորձի բացատրել, երբ իր անձնական նախասիրությունները, իր անձնական փորձառությունները կարող են ազդած լինել հրապարակվող նյութի վրա: Այս առումով՝ վերջին նորություններից մեկը թերևս լրագրողի անձնավորության առկայությունն է լրատվական բովանդակության մեջ:
Մեկ այլ նորություն՝ որը մենք կոչում ենք «ինքնության քաղաքականություն» (identity politics) և դրա ներկայացումը լրատվության մեջ, երբ ինչ-որ իրադարձություն լուսաբանելիս ներկայացնում եք փաստերը, սակայն դրանից զատ փորձում եք ներկայացնել վերլուծություն տարբեր տեսակետներից: Սա հիմնականում արվում է այն պատճառով, որ Ամերիկան մեծ խառնարան է: Որպես օրինակ՝ ասենք լուսաբանում եք բողոքի ակցիա, տալիս եք թվերը, նկարագրում ինչ եղավ, ոստիկանության արձագանքը և այլն: Ապա՝ փորձում եք ներկայացնել վերլուծություն որևէ աֆրոամերիկացու տեսակետից, այնուհետև՝ լատինաամերիկացու տեսակետից: Եվ խոսքը ոչ թե օբյեկտիվությունից հեռանալու մասին է, այլ ավելի շուտ՝ տեսակետներին մոտենալու:
«Ազատություն»․ - Իսկ չե՞ք կարծում, որ դա լրագրողին ինչ-որ առումով խոցելի է դարձնում, և որ նրանք կարող են համացանցում քննադատության, հարձակումների թիրախ դառնալ:
Սյուզան Դեյվիս․ - Այո, հենց այդպես էլ կա:
«Ազատություն»․ - Ինչպե՞ս են լրագրողները վարվում նման դեպքերում:
Սյուզան Դեյվիս․ - Այսօր Ամերիկայում լրագրությունը հարձակման տակ է՝ դա առկա քաղաքական իրավիճակի, իշխող վարչակազմի պատճառով է: Վերջին ընտրությունները մամուլին դուրս բերեցին լուսաբանողի իր դերից և դարձրեցին քաղաքական դաշտի ակտիվ խաղացող, որովհետև թեկնածուները թիրախավորում էին լրատվամիջոցներին, մեղադրում նրանց: Բացի այդ, այս ընթացքում տեղի ունեցավ «կեղծ լուրերի» ֆենոմենը, երբ լուրերի սպառողները ոչ միշտ էին կարողանում տարբերակել, թե ինչպիսի աղբյուրներից է գալիս տեղեկատվությունը, և որ տեղեկատվությունն է ճիշտ, որը սխալ:
Բացի այդ, սոցիալական մեդիան ազդել է լուրերի ընկալման վրա, քանի որ շատ հաճախ մարդիկ տարածում են լուրերը՝ առանց կարդալու և խորամուխ լինելու դրանց բովանդակության մեջ:
«Ազատություն»․ - Դուք հիշատակեցիք տարածելը․․․ իսկ կարո՞ղ ենք ասել, որ ռադիոն ավելի պաշտպանված լրատվամիջոց է «կեղծ լուրերի» և աղբյուրները ճշտելու առումով, քանի որ ռադիոն եթեր հասցնելու համար որոշակի նախապատրաստական աշխատանք է պահանջվում, ինչը ասես արգելակի սոցցանցերում առկա այդ սովորույթը, որ՝ ահա, մի բան տեսա ու անմիջապես, հենց հիմա տարածեցի․․․ կարելի՞ է եզրակացնել, որ լուրեր հաղորդելու առումով ռադիոն ավելի ապահով մեդիա է:
Սյուզան Դեյվիս․ - Թերևս կարող ենք ասել, որ ռադիոն ավելի մեծ վստահություն է վայելում, այո: Որովհետև ավելի հեշտ է սխալ բան տարածել ինտերնետով, և «կեղծ լուրերի» մեծամասնությունը սկիզբ է առել որևէ ինտերնետային կայքից: Եվ հաճախ բավական դժվար է լինում պարզել որևէ կայքի ծագման, ֆինանսավորման աղբյուրները: Ասենք՝ կարող է լինել որևէ, օրինակի համար՝ PoliticsUSA կայք, որը թվում է անմեղ անվանում ունեցող կայք, և այնտեղ ինչ-որ բան է հրապարակվում, որը կարդալիս մտածում ես, որ ճշմարտություն է: Ես, ի դեպ, պարզապես հորինում եմ այս անվանումը, օրինակի համար։ Եվ ահա՝ եթե ուսումնասիրում ես, պարզվում է, որ այս կայքը կոնկրետ քաղաքական կազմակերպության կողմից է ֆինանսավորվում և կոնկրետ օրակարգ ունի: Սակայն սովորաբար ոչ ոք խորամուխ չի լինում այդ ամենում: Եվ հենց այստեղից է, մասամբ, ծագում «կեղծ լուրերի» ֆենոմենը․ մարդիկ առանց պարզելու տեղեկատվության աղբյուրները, տարածում են դրանք և այդ պատմությունները վիրուսային տարածում են ստանում:
Եվ բնականաբար, քանի որ շատ ավելի քիչ ռադիոկայաններ կան, քան վեբկայքեր, ռադիոն այսօր ավելի մեծ վստահություն է վայելում:
«Ազատություն»․ - Ես կցանկանայի մի փոքր փոխել մեր զրույցի թեման, և խոսել այն տեխնոլոգիական փոփոխությունների մասին, որոնք այսօր տեղի են ունենում և ազդում են լրատվության վրա: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ինքնավար ավտոմեքենաներին և այս նոր տեխնոլոգիաներին, որոնց հայտնվելը նշանակում է, որ ավտոմեքենաների ուղևորների ուշադրությունն այժմ ավելի ազատ է և հնարավորություն կա այդ ուշադրությունը զբաղեցնել լրատվությամբ: Ընդ որում, խոսքը ավելի շատ վերաբերում է այնպիսի լրատվությանը, որը չի փակում ձեր աչքերը, այլ, ավելի շատ զբաղեցնում է ականջները: Հայաստանում մենք ավելի շատ 450 հազար ավտոմեքենա ունենք, որոնց մեծամասնությունը ռադիոընդունիչ ունի: Այս համատեքստում՝ ինչպիսի՞ն է ռադիոյի և պոդկաստների ապագան, և առհասարակ ձայնային լրագրության ապագան: Կարո՞ղ ենք լավատես լինել ռադիոյի ապագայի հարցում, թե՞ Ֆեյսբուքը դա նույնպես մեզանից կխլի:
Սյուզան Դեյվիս․ - Ես կուզենայի լավատես լինել, բայց Ֆեյսբուքն իսկապես ամբողջ աշխարհը գրավում է: Ուզում եք լսել իմ կարծիքն այն մասին, թե ինչպիսի՞ ապագա եմ կանխատեսում, թե՞ ինչպիսի ապագա կուզենայի, որ լիներ:
«Ազատություն»․ - Երկուսից էլ մի քիչ, ինչո՞ւ ոչ:
Սյուզան Դեյվիս․ - Կարծում եմ, որ ավելի ու ավելի մեծանալու է քաղաքացիների ներդրումը լրատվության մեջ, երբ սովորական քաղաքացիները, ականատես լինելով ինչ-որ իրադարձության, կմիացնենք իրենց հեռախոսները․․․ Ամերիկայում դրա լավ օրինակ էր Օբամայի վարչախմբի կառավարման վերջին տարիներին մի երևույթ, որը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ առհասարակ աշխարհում տպավորություն ստեղծեց, որ Միացյալ Նահանգներում աննախադեպ կերպով աճել են ոստիկանական բռնությունները սևամորթ ամերիկացիների նկատմամբ: Մինչդեռ իրականում այլ բան էր տեղի ունենում՝ աճել էր այն քաղաքացիների թիվը, ովքեր կարողանում էին վավերագրել այդպիսի դեպքերը: Այլ կերպ ասած՝ աճում էր ապացույցների քանակը: Ոստիկանությունը շարունակում էր գործել այնպես, ինչպես միշտ և արդեն երկար ժամանակ է, որ թիրախավորվում էին սևամորթ և թխամորթ ամերիկացիները, սակայն բջջային հեռախոսը բավական նոր երևույթ է և մարդիկ սովորել են օգտագործել այն փաստեր հավաքելու և դրանք արագ ու հեշտությամբ լրատվամիջոցներին ուղարկելու համար: Արդյունքում՝ լրատվամիջոցները կարողանում էին արագ ստուգել բռնությունների մասին տեղեկատվությունը և հրապարակել այն: Ահա թե ինչն է իրականում փոխվել, և կարծում եմ առաջիկայում դա շարունակվելու և ավելանալու է:
Կարծում եմ նաև մարդիկ սկսելու են ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել տվյալ պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես՝ հակամարտություններին և ողբերգական պատահարներին:
Ինչ վերաբերում է իմ ցանկություններին՝ ես կուզենայի ավելի շատ լսել այնպիսի լրատվական հաղորդումներ, որոնցում ասվում է՝ սրանք փաստերն է, սա այն է, ինչ տեղի է ունենում, իսկ սա տեղի ունեցածի նախապատմությունն է: Այսինքն, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության մասին խոսելիս նախ կներկայացվեն վերջին զարգացումները, սակայն դրան կից կներկայացվի ասենք ամեն կողմից մի զինվորի ընտանիքի պատմությունը:
«Ազատություն»․ - Նկատի ունեք՝ ավելի անձնավորված պատմություննե՞ր:
Սյուզան Դեյվիս․ - Ավելի շուտ՝ խորը պատմություններ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես է այդ հակամարտությունը անդրադառնում այդ զինվորի ընտանիքի, կամ համայնքի, քաղաքի վրա:
Որովհետև այնպես է ստացվում, որ աուդիոն ամենուրեք հասանելի է լինելու, իսկ դա իր հերթին նշանակում է, որ կա հնարավորություն առաջ անցնել անմիջական, այս պահին տեղի ունեցող զարգացումներից և խորամուխ լինել այդ զարգացումների արձագանքների, թողած հետևանքների մեջ:
Զրույցի ամբողջական անգլերեն ձայնագրությունը․
Your browser doesn’t support HTML5