Բուլդոզերի՝ ձորն ընկնելու հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են

քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը Արմեն Պուխան և Վրույր Ներսիսյանը տեղափոխվել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ [մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ] մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: