Երևանը ստացել է Մյունխենում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում անցկացնելու առաջարկը

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Մյունխենում, որտեղ վաղը մեկնարկում է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Էդվարդ Նալբանդյանի և միջնորդների առաջիկա հանդիպման մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Մյունխեն, նախատեսված են նրա հանդիպումները համանախագահների հետ: Նա կունենա նաև մի շարք այլ երկկողմ հանդիպումներ»,- ասաց Բալայանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս հաստատել է Մամեդյարովի և համանախագահների սպասվող հանդիպման մասին տեղեկությունը: Սակայն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին ադրբեջանական կողմը ոչինչ չի հաղորդում:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են երկկողմ հանդիպում ունենալ Մյունխենում: Ինչպես Բալայանն ասաց «Ազատությանը», Երևանն այդ առաջարկը ստացել է, իսկ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կկայանա թե ոչ, կախված կլինի այն բանից, «թե ինչ խաղեր կտա Ադրբեջանը»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այսօր բանակցությունները փակուղում են: Նրա խոսքով, Ադրբեջանի այսօրվա կոշտ դիրքորոշման պատճառով անգամ արտգործնախարարների մակարդակով այդ բանակցություններն անիմաստ են: Պաշտոնական Երևանն այս իրավիճակում բանակցությունների վերսկսումը պետք է որոշ պայմանների հետ կապի, շեշտում է փորձագետը:

«Եթե Ադրբեջանն ինչ-որ բան ուզում է, մենք պետք է ասենք՝ կային անցած տարվա մայիսյան՝ Վիեննայի պայմանավորվածությունները, եկեք մի քանի քայլ անենք այդ ուղղությամբ, հետո կխոսենք: Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է համաձայնի այդ հանդիպմանը միայն մի դեպքում՝ եթե Ադրբեջանը հանի իր առարկությունները՝ կապված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ»,- ասաց Գրիգորյանը:

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես փաստում է, որ ղարաբաղյան բանակցությունները փակուղում են: Վերջինիս կարծիքով, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածությունն առաջիկայում կպահպանվի, թեև ապրիլյան իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է:

«Նոր սրացումներ կլինեն, ամենահավանական սցենարը դիվերսիոն գործողությունների շարունակությունն է, որոնց զուգահեռ հնարավոր է նաև բանակցությունների շարունակություն: Օրինակ, հնարավոր է, որ հանդիպեն երկու կողմերի արտգործնախարարները»,- ասաց Մարկեդոնովը:

Հունվարին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում էր ունեցել նախ Հայաստանի, ապա նաև Ադրեբջանի արտգործնախարարի հետ։ Մամեդյարով-Լավրով հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն աննախադեպ հայատարություն էր արել, ասելով, թե այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ հանդիպումից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, թե բանակցությունները եղել են «և՛ կառուցողական, և՛ ներառել են կոնկրետ գաղափարներ՝ կարգավորման առաջընթաց ապահովելու ուղղությամբ»։

Մինչ փորձագետները պնդում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններն այսօր փակուղում են, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր հայաստանցի և ադրեբջանցի պաշտոնակիցների հետ։

Մարիա Զախարովան երկու օր առաջ ԼՂ հարցին առնչվող մի հայտարարություն էլ էր արել, նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում բանակցություններ կունենա Սերգեյ Լավրովի հետ։ «Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանն առնչվող խնդիրներ»,- ասել էր Զախարովան։

Սերգեյ Մարկեդոնովի փոխանցմամբ, պետք չէ ակնկալել, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում կարող է կարգավորվել, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են: «Հնարավոր բոլոր լուծումներն արդեն առաջարկվել են 1994-ից սկսած, նաև փաթեթային տարբերակը, որը ենթադրում էր բոլոր հարցերի լուծում մեկ փաթեթում, սակայն, հետագայում պարզվեց, որ դա հնարավոր չէ: Փուլային կարգավորման իրագործումը նույնպես բարդ է, քանի որ հարց է ծագում՝ իսկ ո՞վ է առաջինը սկսելու»,- «Ազատությանն» ասել էր ռուս փորձագետը: