ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ին

«ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների և տրանսատլանտյան հանրության համար անկյունաքար է և այն ի վիճակի է դիմակայելու նոր մարտահրավերներին: Մենք միասին ենք», - սրանք Ջեյմս Մեթիսի առաջին հայտարարություններն են Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Սա Պենտագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Մեթիսի առաջին այցն է Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Մինչ այդ, սակայն, 2007-2009 թվականներին գեներալ Մեթիսը եղել է դաշինքի վերակազմավորման հարցերով գլխավոր հրամանատարը:

«Շնորհակալ եմ իր երկրորդ տանը ինձ ջերմ ընդունելու համար», - արձագանքելով դաշինքի գլխավոր քարտուղարի «Բարի վերադարձ» խոսքերին, ասել է ամերիկացի նորանշանակ նախարարը:

Անցած հունվարի 20-ին Պենտագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնած66-ամյա պաշտոնաթող գեներալի առաջին աշխատանքային հեռախոսազրույցը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ էր: Այդ զրույցում ևս նա ընդգծել էր ՆԱՏՕ-ի կարևորությունը Միացյալ Նահանգների համար:

Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպումից առաջ Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա կրկին հավաստիացրել է՝ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ին:

«Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, նա մեծապես աջակցում է ՆԱՏՕ-ին», - ընդգծել է Պենտագոնի ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ռազմական դաշինքը ի վիճակի է դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին: - «Ես վստահ եմ, որ կրկին ապացուցելու ենք, որ մենք կարող ենք արձագանքել փոփոխվող հանգամանքներին: Մենք դա արել ենք նախկինում, և ունենք բոլոր հիմքերը, որպեսզի վստահորեն ասենք, որ մենք դա կրկին կարող ենք», - հավելել է Մեթիսը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս այս ռազմական դաշինքը «հնամաշ ու ժամկետանց կառույց» է որակել և քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։ ԱՄՆ-ի ներդրումը կազմում է ՆԱՏՕ-ի բյուջեի գրեթե 70 տոկոսը:

Անդրադառնալով պաշտպանության ծախսերին՝ Բրյուսելում մեկնարկած հավաքի թերևս հիմնական այդ հարցին, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը վերահաստատել է Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է հավասարապես վճարեն ծախսերը:

«Ինչպես անցյալ շաբաթ նշել էր եվրոպացի պաշտպանության նախարարը, միանգամայն նորմալ է արդարացիորեն պահանջել, որպեսզի նրանք, ովքեր շահագրգիռ են աշխարհում որակյալ պաշտպանություն ունենալու հարցում, հավասարապես վճարեն անհրաժեշտ ծախսերի համար», - ասել է նախարար Մեթիսը:

Դաշինքը մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը՝ մասնավորապես եվրոպական երկրների ռազմական բյուջեն բարձրացնել մինչև իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը:

Ստոլտենբերգի խոսքերով ԱՄՆ-ը և Կանադան անցյալ տարի իրենց հատկացումները ավելացրել են 3.8 տոկոսով կամ շուրջ 10 միլիարդ դոլարով, հետևաբար դաշինքի եվրոպական անդամները ևս պետք է ավելացնեն ռազմական ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցները: