Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առևտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաև ամփոփել «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնկացությամբ ձեռնարկություններ», «Առևտուր և կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները: