Արմեն Ամիրյանը մտադիր է «նոր շունչ ու արյուն» հաղորդել ՀՀԿ-ին

Արմեն Ամիրյան, Երևան, 15-ը փետրվարի, 2017 թ․

Պատասխանելով «Ազատության» հարցին, մշակույթի նախարարն ասաց, որ կուսակցությունն իրեն, կամ ինքը կուսակցությանը որևէ պայման չի առաջադրել: «Ընդհանուր գաղափարախոսական համաձայնության մեջ միմյանց պայմաններ առաջադրելն առնվազն բարոյական չէ»,- ասաց նա:

Հանրապետականի նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մտադիր է «նոր շունչ և արյուն» հաղորդել կուսակցությանը: Այս մասին ասաց հենց ինքը՝ Արմեն Ամիրյանը, պատասխանելով «Ազատության» հարցին։ Մշակույթի նախարարն, այդուհանդերձ, համաձայն չէ գնահատականներին, թե իշխող ուժը մեծ հեղինակություն չի վայելում և նախընտրական ցուցակում նոր մարդկանց ներգրավելով՝ փորձում է ավելի բարենպաստ դեմքով ներկայանալ հանրությանը:

«Այո, ցանկացած կուսակցություն պետք է ունենա նոր շունչ, նոր արյուն ներարկելու հնարավորություն: Նոր մարդիկ նոր կուսակցությւոնների մեջ բերում են նոր մտածողություն»,- ասաց Ամիրյանը, հավելելով, թե քարոզարշավին իր մասնակցության, ինչպես նաև մոտ ապագայում մշակույթի նախարարի պաշտոնին վերադառնալու հարցերը «կորոշի կուսակցությունը:

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության անդամ դառնալուց հետո Արմեն Ամիրյանը Հանրապետականին անդամակցելուն առնչվող հարցերին ամիսներ շարունակ նույն, խուսափողական պատասխանն էր տալիս՝ դեռ մտածելու ժամանակ ունի: Դա այն շրջանն էր, երբ կառավարության գրեթե բոլոր նորանշանակ անդամները մեկը մյուսի հետևից ՀՀԿ անդամատոմսեր էին ձեռք բերում։ Ամիրյանը միայն վերջերս հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, պատճառաբանելով՝ «քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդը պետք է ստանձնի նաև քաղաքական պատասխանատվություն»։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն է պահանջել, որ ներգրավվի առաջին հնգյակում:

«Չի կարող որևէ մեկը ստիպել մարդուն՝ անդամագրվելու այս կամ այն կուսակցությանը: Կուսակցության մեջ էլ պայմաններ չեն առաջադրում, որովհետև կուսակցությունը նաև գաղափարախոսական ընդհանուր համաձայնություն է: Եվ ընդհանուր համաձայնության մեջ առաջադրել պայմաններ կամ դնել պայմաններ, կարծում եմ՝ առնվազն բարոյական չէ»,- պատասխանեց Արմեն Ամիրյանը:

Նախարար դառնալուց հետո մշակույթին ծառայելու իր մտադրության մասին հայտարարած Արմեն Ամիյանին նաև հետևյալ հարցն ուղղեցինք՝ հնարավո՞ր է, որ ընտրվելու դեպքում մնա խորհրդարանում, կիսատ թողնելով իր աշխատանքը մշակույթի ոլորտում։ Ի պատասխան, նախարարը նշեց՝ «Այն պահին ինչով-որ զբաղված եմ, իսկապես շատ հոգեհարազատ է․․․»: