Ալավերդիի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն ազատվել են աշխատանքից

Տեսարան Ալավերդիից

Ալավերդիի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն ազատվել են աշխատանքից: Մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշեցնենք, երեկ առավոտյան նախակրթարանի սաներից 4-ամյա Ռոբերտն աննկատ դուրս է եկել շենքի տարածքից, ավելի ուշ նրա դին գտել են մանկապարտեզից քիչ հեռու՝ Դեբեդ գետի մեջ: Լոռու մարզի քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու համար։

Այսօր առավոտյան Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը խորհրդակցություն է անցկացրել: Անդրադառնալով մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին՝ նա հանձնարարել է անկախ քննության արդյունքից, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ազատել աշխատանքից:

Նրա կարգադրությամբ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ մանկապարտեզում արտահերթ ստուգում իրականացնելու համար:

Լոռու մարզպետը շրջաբերականներ է ուղարկել մարզի բոլոր համայնքների ղեկավարներին՝ զգուշացնելով աչալուրջ լինել իրենց վստահված երեխաների կյանքի և առողջության նկատմամբ: