ՓՊ ողջ վարչական ռեսուրսն օգտագործվել է Արա Զոհրաբյանի մարդկանց ընտրելու համար. Աթանեսյան

Փաստաբանների պալատի անդամներ Տիգրան Աթանեսյան

Փաստաբանների պալատի անդամներ Տիգրան Աթանեսյանը և Արթուր Գրիգորյանը պալատի խորհրդի անդամների ընտրությունը փաստաբանության համար ողբերգություն են որակում։

Ըստ նրանց, ընտրված խորհրդի 12 անդամները փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ներկայացրած մարդիկ են, ովքեր ձայներ են ստացել ընտրողների կամքի վրա ապօրինի ճնշում կիրառելու արդյունքում։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ պալատի ողջ վարչական ռեսուրսն օգտագործվել է «Արա Զոհրաբյանի մարդկանց» ընտրելու համար։ «Այնտեղ մարդիկ կան, որ երբեք դատական գործ չեն ընդունել։ Չի կարելի այդպիսի խորհուրդ ընդունել։ Այդ ընտրությունների արդյունքն ինձ թույլ է տալիս մտածելու, որ իմ ենթադրությունները ճիշտ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աթանեսյանը։

Զոհրաբյանն անհիմն որակեց Աթանեսյանի մեղադրանքները։ Նրա խոսքով՝ Աթանեսյանը, ով ևս առաջադրվել էր խորհրդի անդամ դառնալու համար, սկսել է փնովել պալատի և իր գործունեությունն այն բանից հետո, երբ ինքը կարգապահական վարույթ է հարուցել նրա դեմ։ «Ես իմ գործառույթներն իրականացրել և իրականացնում եմ։ Ես կարծում եմ, որ արդար չի նման մանիպուլյացիաներով մեղադրել Փաստաբանական պալատին կամազրկության մեջ։ Դա շատ լուրջ վիրավորանք է», - ասաց Զոհրաբյանը։

Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ պատրաստվում են դատարան դիմել, ինչպես նաև կոչ արեց ստեղծված իրավիճակին նպաստել չցանկացող անդամներին՝ հրաժարվել անդամությունից։

Պալատի խորհրդի ընտրությունները, որին 39 փաստաբան էր առաջադրված, տեղի են ունեցել փետրվարի 11-ին։