Դատախազությունը պարզաբանում է տարածել «Հաց բերողի» կալանքի կապակցությամբ

Գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանում է տարածել որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու կապակցությամբ։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունը հիմնավորող բավարար տվյալների առկայության պայմաններում, քրեադատավարական ընթացակարգի անշեղ պահպանմամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը կարող էր նվազեցնել նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում կայացվեց Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին: Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում՝ նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նաև հայտարարում է, որ Արթուր Սարգսյանին պարզաբանվել են նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, սակայն մեղադրյալը խախտել է այդ պայմանները․ պատշաճ ծանուցված լինելով՝ չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, նշված հանգամանքները հիմնավորվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներով, որպիսիք «միաժամանակ վկայում են նաև Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին»:

«Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին Քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացվել մեղադրյալ Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին՝ միաժամանակ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ կայացնելով դատարան, ինչը նույն օրը բավարարվել է», - նշում է դատախազությունը՝ շարունակելով. - «Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցի կիրառման օրինականությունը և նրա առողջական վիճակը մշտապես գտնվում են Հայաստանի գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման հսկողության ներքո: 2017 թվականի փետրվարի 9-ին Սարգսյանն ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունք, սահմանվել էդինամիկ հսկողություն: Բժշկական անձնակազմի կողմից Արթուր Սարգսյանին մանրակրկիտ բացատրվել են հացադուլի հետևանքները և առաջարկվել է դադարեցնել այն»։

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, կալանավորվել էր անցած տարվա օգոստոսին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ։

Դեկտեմբերի վերջին դատարանը փոխեց կալանքի որոշումն ու նրան ազատ արձակեց։ Փետրվարի 9-ին, սակայն, դատարանը կրկին փոխեց խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորեց նրան։ Սարգսյանն ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց։