Քսենյա Սվետլովան Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի անդամ է, նա զբաղվում է Լապշինի գործով այն պահից, երբ վերջինս անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: «Հատկապես հաշվի առնելով, որ Իսրայելի հարաբերությունները Բելառուսի ու Ադրբեջանի հետ այդքան ազնիվ են ու լավ, տարօրինակ է այդ ձերբակալությունն ու հապշտապ արտահանձնումը՝ Բելառուսում առկա գործընթացների արագացված կիրառմամբ: Արդեն մի քանի օր է՝ Ալեքսանդրը Բաքվում է, ու մինչ այսօր նրան չեն թույլատրել տեսակցել ընտանիքի վարձած փաստաբանին»,- ասաց Սվետլովան:
Բելառուսը Լապշինին Ադրբեջանին արտահանձնեց փետրվարի 7-ին՝ Բելառուսի գերագույն դատարանի՝ առաջին ատյանի վճիռը ուժի մեջ թողնելու մասին որոշման հրապարակումից մի քանի ժամ անց: Ի դեպ, բողոքի քննարկումը գերագույն ատյանում կես ժամ էլ չէր տևել, նիստը դռնփակ է անցել, Ալեքսանդր Լապշինն էլ դատարանի դահլիճում չի եղել:
Ադբեջանի իշխանությունները բլոգերին մեղադրում են քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ Ադրբեջանի պետական սահմանի խախտման և այդ երկրի տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի տապալման ու անջատողականոություն քարոզելու համար։
«Տեղյակ եմ, որ բանտում Լապշինին այցելել են Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսները: Առաջին հայացքից նրանք բլոգերի վիճակը բավարար են գնահատում, սակայն, իհարկե, նա շատ ընկճված է և մտահոգ, որ դատաքննության ընթացքում գործը կխճճվի ու իրեն կմեղադրեն այնպիսի բաներում, որոնց հետ որևէ կապ չունի:
Հույս ունեմ, որ առաջիկայում նրան կայցելեն նաև «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչները: Նրանց հետ էլ եմ կապի մեջ: Ցայսօր՝ «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչներին նույնպես արգելել են այցելել Լապշինին: Որքան հասկանում եմ, ընտանիքի փաստաբանը կկարողանա Լապշինին տեսնել շաբաթվա երկրորդ կեսին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կնեսետի պատգամավորը:
Ըստ նրա, ցանակացած երկրում անազատության մեջ հայտնված մարդը պետք է կարողանա իրավական օգնություն ստանալ: «Սա մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպք է: Բելառուսի պարագայում, որը Ռուսաստանի հետ կազմված դաշնային պետության մի մասն է, նման գործողություններն ուղղակի անթույլատրելի են: Ուստի, շատ կցանկանայի, նախևառաջ, պատասխաններ ստանալ Մինսկից, թե տեղի ունեցածն ինչ հիմքեր ունի:
Գիտեմ, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ալեքսանդրը հետախուզվում էր «Ինտերպոլ»-ի կողմից: Դա ճիշտ չէ: «Ինտերպոլ»-ում նրա անունը անգամ մեկ րոպե չի եղել և այժմ էլ չկա: Հետևաբար, եթե Լապշինը դարձել է աշխարհաքաղաքական ինչ-որ ինտրիգների զոհ, դա շատ ցավալի է: Իսրայելում, օրինակ, խոսքի և տեղաշարժվելու ազատությունները սրբազան արժեքներ են: Պետք է ամեն ինչ անել, որ Ալեքսանդր Լապշինը ազատ արձակվի: Նա ոչինչ չի արել, այլ միայն իր կարծիքն է հայտնել և այցելել է մի տարածք, որը Ադրբեջանում համարում են բռնազավթված, իսկ այլոք համարում են վիճելի»,- ասաց Քսենյա Սվետլովան:
Վերջինս, ի դեպ, երկար տարիներ լրագրությամբ է զբաղվել: «Ազատության» հետ իր զրույցի ավարտին նա ասաց՝ եթե ցանկացած վիճելի տարածք այցելելու համար լրագրողներին, բլոգերներին ձերբակալեն, ապա աշխարհն անտեղյակ կլինի, թե ինչ է կատարվում նման վայրերում:
Լապշինի ձերբակալությունը և արտահանաձնումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ անցած շաբաթավերջին տարածած հաղորդագրությամբ պահանջելով անհապաղ ազատ արձակել բլոգերին: