ԼՂ ՊՆ․ Անցած մեկ օրում շփման գծում գրանցվել է լարվածության աճ

ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը՝ ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագծում զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, ասված է հաղորդագրությունում: