Տասնհինգ տարուց ի վեր Կարեն Դուրգարյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր և միայն մոտ մեկևկես տարի առաջ պարզվեց, որ օպերային թատրոնին գլխավոր դիրիժոր այլևս անհրաժեշտ չէ:
«Պետք է ասեմ, որ 2016 թվականին ես Հայաստանի սահմաններից դուրս ունեցել եմ ավելի քան 120 ներկայացում և սիմֆոնիկ համերգներ տարբեր թատրոնների և նվագախմբերի հետ: Դա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբն է, դա Մյունխենի օպերային թատրոնն է, դա Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախումբն է, դա Լայպցիգի օպերայի և բալետի թատրոնի հետ հյուրախաղերն են, Կոլումբիա՝ Բոգոտա ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մարինյան թատրոն, Նովոսիբիրսկի թատրոն և այլն», - օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց դիրիժորը:
Ուշագրավ է, որ բոլոր համերգների ժամանակ Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմահարթակներից ի թիվս համաշխարհային դասական կոմպոզիտորների հնչել են նաև հայ կոմպոզիտորների գործեր:
«Ինձ, իբրև հայ դա շատ կարևոր է՝ գոնե լինել այն մարդկանցից մեկը, ով կարողանում է պրոպագանդել հայ դասական երաժշտությունը», - նշեց Դուրգարյանը:
Կրկին մեր օպերային թատրոնում աշխատելու առաջարկ կամ հրավեր Կարեն Դուրգարյանն առայժմ չունի, եթե լինի էլ՝ պիտի մտածի՝ արդյո՞ք կկարողանա համատեղել, որովհետև այս տարի ևս շատ առաջարկներ ունի եվրոպական երկրներում համերգներ ղեկավարելու, իսկ առհասարակ այն կարծիքին է, որ օպերային թատրոնը պիտի անպայման թե՛ գեղարվեստական ղեկավար, և թե՛ գլխավոր դիրիժոր ունենա, և թատրոնն անպայման պիտի պրոֆեսիոնալները ղեկավարեն՝ օպերային արվեստի բնագավառի պրոֆեսիոնալ անձինք:
Հիշեցնենք՝ մոտ 7 տարի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական ղեկավար չուներ և միայն տնօրենն էր ղեկավարում թատրոնը: Վերջին 2 տարում թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերականգնվել է՝ ներկայումս ամերիկահայ անվանի դիրիժոր Կոնստանդին Օրբելյանն է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նա ի դեպ այստեղ համատեղության կարգով է աշխատում, որովհետև ապրում է Միացյալ Նահանգներում: Իսկ մոտ երկու տարի առաջ թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված աղմկահարույց մրցույթում հաղթած մասնագիտությամբ արևելագետ, օպերային թատրոնի բնագավառում երբեք չկառավարած Անդրանիկ Արզումանյանը, երկու տարի որպես թատրոնի տնօրեն պաշտոնավարելուց հետո, օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով դարձավ նախարարի խորհրդական: Եվ հիմա օպերային թատրոնը ոչ միայն գլխավոր դիրիժոր չունի, այլ նաև տնօրեն առայժմ չկա, իսկ գեղարվեստական ղեկավարն էլ գտնվում է օվկիանոսից այն կողմ: Փոխարենը՝ թատրոնում նոր հաստիք է ստեղծվել՝ գլխավոր պրոդյուսերի հաստիքը, և այժմ թատրոնի գլխավոր պրոդյուսերն է «Հայֆեստ» թատերական ամենամյա փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Տեսեք՝ առաջ ինչ էր՝ գեղարվեստական ղեկավար, այսինքն՝ այսպես ասած՝ մտքի ղեկավար, և տնօրենը: Մտքի ղեկավարն ասում է՝ այսպես պետք է լինի, և տնօրենը կատարում է: Հետո մտավ ՊՈԱԿ-ի օրենք, բանից պարզվեց, որ տնօրենն է ասում ինչ պետք է անես: Հետևաբար՝ եղավ բախում արտիստի և տնտեսվարի միջև։ Հիմա, եթե ադմինիստրատիվը պրոֆեսիոնալ չէ, բախումը շատ ուժեղ է լինում: Ի վերջո՝ գալիս է նրան, որ ասում են՝ գեղարվեստական ղեկավար պետք չէ», - նշեց դիրիժորը՝ մեկնաբանելով օպերային թատրոնում ստեղծված իրավիճակը, - «Դրա համար օրենքը պետք է փոխվի, ես դրա կողմնակիցն եմ»: