«Ալյանսը» որոշեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում

«Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի կազմում։

Կուսակցության այսօր տեղի ունեցած համագումարում ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ «Ալյանսը» արդեն համարվում է «Ծառուկյան» դաշինքի անդամ։ Պատճառները պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով։ Տիգրան Ուրիխանյանը Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալը բացատրեց նրանով, որ վերջինս չի գնացել արկածախնդրության և ապացուցել է, որ ճիշտ է վարվել։

«Հնարավոր չէ գործող քաղաքական մեծամասնության հետ, գործող քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում, երբ չունես իրական, ամբողջական ազդեցություն որոշումների կայացման դաշտի վրա, իրականացնել այն փոփոխությունները, որոնք պիտի շոշափելիորեն զգան մարդիկ», - նշեց նա՝ հիշեցնելով իր նախկին առաջնորդի քաղաքականություն վերադառնալու նպատակը՝ իր կուսակցության համար որդեգրելով նույնը․ - «Վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, որ նույնպես, ինչպես կար՝ տնտեսությունը անկում է ապրում, ճգնաժամը խորանում է, ժողովուրդն ունի կարիք՝ արժանավայել աշխատելու ու կենսակերպ ապահովելու հնարավորություն չունի: Սա է պատճառը»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2015 թվականին լքելու, իսկ այսօր ԲՀԿ-ի հետ մեկ դաշինքում հանդես գալու որոշմանը, Ուրիխանյանը պարզաբանեց․ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ քաղաքական մարմին է, «Ալյանս» կուսակցությունը մեկ այլ քաղաքական մարմին է: Մենք մի դաշինքի անդամներ ենք: Առանցքն, անշուշտ, Գագիկ Ծառուկյանն է»:

«Ալյանս»-ի վարչության նորընտիր նախագահ Հենրիկ Թադևոսյանն էլ հայտարարեց՝ իրենց էներգիան կլուսավորի երկրի քաղաքացիներին: - «Չենք վախենում մարտահրավերներից և ընդունում ենք բոլոր մարտահրավերները: Մեր էներգիան, հավատը և հավատարմությունը կլուսավորի մեր երկիրը և այդ երկրում ապրող քաղաքացիներին», - իր ելույթում նշեց Թադևոսյանը՝ շարունակելով․ - «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, եկեք չհարցնենք երկիրը ինչ կարող է անել մեզ համար, այլ ասենք՝ ինչ կարող ենք անել մեր երկրի համար»: