Չի բացառվում, որ Թուրքիան և ԱՄՆ-ը համատեղ պայքար ծավալեն ԻՊ զինյալների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

«Վաշինգտոնը Թուրքիային որպես ռազմավարական գործընկեր է դիտարկում». - փետրվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ուղերձն է փոխանցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին: Երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած ճապեզրույցի ժամանակ Թրամփի և Էրդողանի հեռախոսային շփման մասին որոշ մանրամասներ հաղորդեց Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:

«Նախագահ Թրամփը զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Այս զրույցի ընթացքում նա ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից Թուրքիային է փոխանցել Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Թրամփը նաև ողջունել է այն ջանքերը, որ գործադրում է Թուրքիան «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», - հայտարարում էր Սփայսերը:

Սպիտակ տան խոսնակի թուրք գործընկերը` Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, չորեքշաբթի երեկոյան հյուրընկալվելով երկրի առաջատար լրատվական ալիքներից մեկի` NTV-ի եթերում, նույնպես որոշ մանրամասներ հաղորդեց նախագահների հեռախոսազրույցից:

«Ամերիկայի նախագահ Թրամփի հետ այս գիշեր առաջին պաշտոնական բանակցությունները կայացան: Դուք գիտեք, որ երկու հիմնարար խնդիրներ կան, որոնք մենք ժառանգել ենք դեռ Օբամայի իշխանության շրջանից: Մեկն այն աջակցությունն է, որ [ցուցաբերում են ամերիկացիները] սիրիացի քրդերին` Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին` YPG-ին: Մյուս թեման Ֆեթհուլա Գյուլենի խնդիրն է», - նշում էր Թուրքիայի նախագահի խոսնակը:

Նա նաև հիշեցնում է, որ պաշտոնական Անկարան շարունակում է Միացյալ Նահանգներից պահանջել Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթհուլա Գյուլենի արտահանձնումը` պնդելով, որ հենց նրա կողմնակիցներն էին կանգնած Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի թիկունքում:

«Մեր նախագահը այս մասին շատ պարզ և հստակ է արտահայտվել: Թրամփը տեղեկացվել է խնդրի մասին և առանց մանրամասների մեջ խորանալու ասել է, որ իր թիմի անդամներին կխնդրի ուսումնասիրել թեման և համապատասխան հանձնարարություններ կտա», - NTV-ի եթերում պատմել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Էրդողանի և Թրամփի հեռախոսազրույցի մյուս կարևորագույն թեման Սիրիայի հյուսիսում ծավալված ռազմական գործողություններն էին: Շուրջ երկու ամիս է արդեն, ինչ թուրքական բանակը կատաղի մարտեր է մղում սիրիական Էլ-Բաբ քաղաքում`փորձելով հեռացնել «Իսլամական պետություն» խմբավորման այստեղ դիրքավորված զինյալներին: Չի բացառվում, որ առաջիկայում Սիրիայի հյուսիսում կռվող թուրքական ստորաբաժանումները նաև ամերիկյան օժանդակություն ստանան:

«Եփրատի Վահան» գործողության ընթացքում Թուրքիան արդեն իսկ շուրջ 2 հազար քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել: Թուրքիան դա իրականացրել է սեփական ուժերով` շատ լուրջ պատասխանատվություն ստանձնելով:«Իսլամական պետության» համար Էլ-Բաբի կորուստը շատ լուրջ հարված կլինի: Էլ-Բաբից հետո օրակարգում է հայտնվում արդեն [ԻՊ կենտրոն համարվող] Ռաքքայի գրավման հարցը: Թուրքիան ներկայացրել է Ռաքքայի գրավման մանրամասն ծրագիրը, և այժմ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ քննարկումները այդ թեմայի շուրջ շարունակվում են», - երեկ հեռարձակված հարցազրույցի ընթացքում նշում էր Էրդողանի խոսնակը:

«Այդ գործողության մանրամասները Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկվել: Հետագայում այս գործողությունն ավելի մանրակրկիտ և համակարգված կերպով կմշակվի», - նշում է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը:

Չի բացառվում, ի դեպ, որ Ռաքքայի ուղղությամբ համատեղ թուրք-ամերիկյան գործողության մանրամասների քննարկումները մեկնարկեն արդեն առաջիկա ժամերին: Այսօր Անկարա է ժամանում Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ տնօրեն Մայք Փոմփեոն: Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ թուրքական իշխանությունների հետ քննարկումների հիմնական թեմաներից մեկը լինելու են «Իսլամական պետության» դեմ Սիրիայի հյուսիսում ծրագրվող համատեղ գործողությունները: